Ի՞նչ կարող է փոխվել Արցախում այս ընտրություններով: ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Արցախն այս ընտրություններով կթևակոխի նոր փուլ. «Իշխանությունն այսպես թե այնպես փոխվելու է, որովհետև թեկնածուներից որևէ մեկը անմիջականորեն չի ներկայացնում նախկին իշխանությանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը, վստահ լինելով, որ Արցախում օրինական ընտրությունների միջոցով տեղի կունենա իշխանափոխություն, ինչը բնորոշ է ժողովրդավարական երկրներին:
Անդրադառնալով դիտարկմանը, որ կորոնավիրուսի հնարավոր ներթափանցումը կանխելու նպատակով Արցախում ընտրությունները հետաձգելու կոչեր էին հնչում, և եթե հանկարծ նման դեպք արձանագրվի, ապա դրանում մեղավոր կհամարեն նաև ՀՀ իշխանությանը, քանի որ Արցախում ընտրությունները հետաձգելու կոչով հանդես չի եկել, Ալեն Սիմոնյանը նշեց. «Արցախում ընտրությունները հետաձգելու որևիցե պատճառ և հիմք չկա… Արցախը նույնպես գտնվում է այս մոլորակում և բացառված չէ, որ այնտեղ նույնպես դեպք արձանագրվի, փառք Աստծո, մինչ այս օրը կարողացել ենք խուսափել Արցախում նման դեպքերից…»:
Ալեն Սիմոնյանը նաև ընդգծեց, որ ՀՀ իշխանությունը կհամագործակցի Արցախում ձևավորվող նոր իշխանության հետ. «Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է…Ստեփանակերտի ուղղությամբ յուրաքանչյուր կրակոցը, դա կրակոց է նաև Երևանի ուղղությամբ… Մենք կողջունենք արցախցու ընտրությունը»:
Մանրամասն՝ տեսանյութում: