Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) տարածաշրջանի բիզնեսի ներկայացուցիչներին աջակցության համալիր միջոցառումներ է ներկայացրել՝ կորոնավիրուսի պանդեմիայի բացասական հետևանքները փոխհատուցելու նպատակով, ասվում է հանձնաժողովի հաղորդագրությունում:
Միջոցառումների թվում դիտարկվում է ԵՏՄ-ի ներմուծման մաքսատուրքերի իջեցումը արտահանման ներուժ ունեցող բարձր տեխնոլոգիական արտադրանքների արտադրության մեջ օգտագործվող բաղադրիչների և նյութերի համար:
Նախատեսվում է նաև ստեղծել հատուկ պայմաններ եվրասիական ապրանքների ոչ հումքային արտահանման աճի և առհասարակ ապրանքաշրջանառության համար: «Դրա համար հանձնաժողովը և միության անդամ պետությունները մտադիր են առաջնահերթության կարգով շարունակել բանակցությունները երրորդ երկրների հետ ազատ առևտրի գոտիների ստեղծման, ինչպես նաև առևտրի թվայնացումը արագացնելու և արտահանման առաքումների դեպքում լոգիստիկ ծախսերը նվազեցնելու համար», – պարզաբանել են հանձնաժողովում:
Քննարկվել է նաև բժշկական ապրանքների ներմուծման տուրքերը զրոյացնելու հարցը: Կոնկրետ ապրանքների ցուցակի կազմման աշխատանքները, ըստ հաղորդագրության, արդեն ավարտված են: Այն ներառում է առաջին անհրաժեշտության բուժնշանակության արտադրանքներ, ներառյալ ախտահանիչ միջոցների, դիմակների, ձեռնոցների, պատվաստանյութերի և ախտորոշիչ հավաքածուների, ախտորոշման և լաբորատոր ռեակտիվների, զարկերակային օքսիմետրերի և այլ սարքավորումների արտադրության համար օգտագործվող ապրանքներն ու բաղադրիչները:
Ինչպես նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը, որի խոսքերը մեջբերում են մամուլի ծառայությունը, բոլոր միջոցները պետք է ստուգվեն և հասցեավորված լինեն, որպեսզի մաքսային պաշտպանությունը նվազեցվի հենց այն ոլորտներում, որտեղ դա իսկապես անհրաժեշտ է: