Դրամատիկական փոփոխությունները, որ սկսվեցին Թունիսում, սկիզբ առան Սիդի Բուջիդ քաղաքում: Երեկ կարծես «Հասմիկների հեղափոխության» կրկնությունը լիներ: Կենտրոնական հրապարակում հավաքվել էին մի քանի հարյուր երիտասարդներ, որոնք այրում էին անվադողեր, կարգախոսներ հնչեցնում`պահանջելով ոչ թե նախկին բռնակալ Բեն Ալիի հրաժարականը, այլ՝ այն կառավարության, որը եկել էր փոխարինելու նրան:
Ցուցարարները հարձակվել են նաև ոստիկանության վրա: Ոստիկանները սկզբից կրակ են բացել օդ, ապա ցուցարարների ոտքերին: Հրաձգության ժամանակ սպանվել է մի 14-ամյա պատանի: Եվս մի քանի մարդ վիրավորվել են, սակայն նրանք չեն տեղափոխվել հիվանդանոց, քանի որ մտահոգություն են ունեցել, որ կձերբակալվեն:
Սպանությունն ու հրաձգությունը լուրջ դժգոհություն են առաջացրել ողջ Թունիսում, ինչը կարող է հանգեցնել երկրորդ հեղափոխության:








































