Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը ժողովրդին խնդրում է ֆինանսական և նյութական օգնություն ցուցաբերել հատուկ ստորաբաժանումներին, որոնք պայքարում են անջատողականների դեմ: Գերատեսչությունը հայտարարել է այդ խնդրի լուծման համար հատուկ հիմնադրամ ստեղծելու մասին՝ գրում է Korrespondent.net-ը:
«Կապված արտաքին ագրեսիայի սպառնալիքի և անջատողականների՝ Ուկրաինան պառակտելու փորձերի հետ, որոշում է ընդունվել ստեղծել ՆԳՆ հատուկ ստորաբաժանում՝ կազմված հայրենասեր քաղաքացիներից, ովքեր պատրաստ են զենքը ձեռքին կանգնել ի պաշտպանություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անկախության»,- ասվում է հաղորդագրությունում:
Հաշվի առնելով տնտեսական ռեսուրսների անբավարարությունը՝ ՆԳ նախարարությունը Ուկրաինայի ժողովրդին կոչ է արել օգնել մարտիկներին զինելու և հանդերձավորելու հարցում: Անհրաժեշտ իրերի ցուցակում են զրահաբաճկոնները, սաղավարտները, կապի ժամանակակից միջոցներն ու տրանսպորտային միջոցները, ինչպես նաև անձնական հիգիենայի համար նախատեսված իրերը՝ ներքնազգեստ, անկողին, լվացող միջոցներ:
Բարեգործական ներդրումները կարելի է անել յուրաքանչյուր մարզում, որտեղ հաշվեհամարներ են բացված:







































