10-ամյա Շառլոտա Բելը զարմացրել է մամուլին, իր ծնողներին ու ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային, երբ Սպիտակ տանը բաց միջոցառման ժամանակ ԱՄՆ նախագահի տիկնոջն է հանձնել հոր ինքնակենսագրությունը: Վերջինս արդեն 3 տարի գործազուրկ է:
Ամեն տարի պետական ծառայողների երեխաները հյուրընկալում են Միշել Օբամային՝ Սպիտակ տանը, ու առաջին տիկինը պատասխանում է նրանց հարցերին:
Շառլոտա Բելը որոշել է օգտվել ընձեռված հնարավորությունից հորն օգնելու համար՝ գրում է Forbes-ը:
«Իմ հայրը 3 տարի է՝ աշխատանք չունի, ու ես ցանկանում եմ ձեզ ցույց տալ նրա ինքնակենսագրությունը»,- ասել է աղջիկը: Միշելը նախ՝ շփոթվել է, ապա գրկել աղջկան:
Շառլոտայի հայրն աշխատել է Բարաք Օբամայի ընտրական շտաբում ու ներկայում փորձում է աշխատանք գտնել քաղաքական ասպարեզում:
Մինչ Սպիտակ տուն գնալը՝ նրանք տանը կատակել են, թե աղջիկը կարող է հոր մասին մի քանի բան պատմել, ու երեխան իսկապես որոշել է օգտվել առիթից:









































