Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) նորընտիր քուրդ պատգամավորները, որոնք բոյկոտում են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) աշխատանքները, հայտարարել են հիմնականում քրդական բնակչություն ունեցող Դիարբեքիրում այսպես կոչված Քրդական ինքնավարության ստեղծման մասին։
Այս ամենը տեղի է ունենում երեկ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների կողմից 13 թուրք զինծառայող սպանելու և 7 զինծառայողի վիրավորելու ֆոնին։
Այս նորությունը լայն արձագանք է գտել Թուրքիայում։ Թուրքական դատախազությունն արդեն իսկ լրջորեն ձեռնամուխ է եղել տվյալ խնդրի հետազոտմանը։ Դիարբեքիրի դատախազությունը հայտարարել է, որ անջատողականների այդ քայլը սպառնում է երկրի ազգային միասնությանը։
Դատախազությունը հայտարարել է, որ հետաքննության ավարտից հետո քրեական գործեր են հարուցվելու քուրդ պատգամավորների, քաղաքական գործիչների ու նրանց հետ կապեր ունեցող ակտիվիստների նկատմամբ։
Թուրքիայում բավական լարվել է իրավիճակը, 13 զինծառայողների կորուստը ցնցել է երկիրը, որը հեղեղվել է բողոքի ակցիաներով։ Գիշերը Անկարայում գտնվող ԽԺԿ-ի գրասենյակի վրա նետվել է ձեռքի նռնակ։
Հիշեցնենք, որ քրդական կողմը սրանից առաջ հայտարարել էր, թե քրդաբնակ Դիարբեքիրում ստեղծելու է սեփական խորհրդարանը։








































