Հաճելի անակնկալ էր Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականի հաջողությունը Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ապրիլի 1-4-ն անցկացված Եվրոպայի առաջնությունում: Մեր ըմբիշներից Գրիգոր Գրիգորյանը (70 կգ) երկրորդը ճանաչվեց ու արժանացավ արծաթե մեդալի: Իսկ Գարիկ Բարսեղյանը (57 կգ) և Մուսա Մուրթազալիևը (86 կգ) գրավեցին երրորդ տեղը և նվաճեցին բրոնզե պարգևներ:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը հարցազրույց է տվել ՀԱՕԿ մամլո ծառայությանը՝ մասնավորապես նշելով հետևյալը.
«Փորձառու մարզիչները ծերանում են, իսկ շատերը հրաժեշտ են տվել կյանքին: Ինչ մնում է երիտասարդներին, ասենք, որ նրանք ցածր աշխատավարձի պատճառով չեն ստանձնում մարզչի գործը: Հայաստանում ըմբշամարտով պարապում է ավելի քան վեց հազար մարդ: Կարելի է ասել, որ մասսայականության առումով խնդիր չկա: Բայց ցանկալի հաջողություն չենք ունենում մասնագետների պակասի հետևանքով:
Թող չստեղծվի այն տպավորությունը, թե մեզանում վիճակը ծանր է: Հակառակը, հետընթացը կասեցվել է: Տևական ընդմիջումից հետո կրկին աշխուժություն է նկատվում ազատ ըմբշամարտի Վանաձորի, Գյումրիի, Արտաշատի, Արմավիրի, Իջևանի դպրոցներում:
Վերջին տարիներին Հայաստանի պատանեկան և երտասարդական հավաքականները իրենց հաշվին մեդալներ են գրանցում աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և միջազգային այլ մրցաշարերում: 2015թ. կայանալիք աշխարհի առաջնությունը վարկանիշային է լինելու: Ակնկալում եմ, որ մեր տղաների ուժերից վեր գործ չէ նվաճել օլիմպիական խաղերի 3-4 ուղեգիր, եթե, իհարկե, տհաճ անակնկալներ տեղի չունենան»:
Լուսանկարը՝ Armenpress.am-ի








































