Ճապոնիայի իշխանությունները որոշում են կայացրել ճանճերի և այլ վտանգավոր միջատների ոչնչացման համար երկրի զինված ուժերում ստեղծել ստորաբաժանումներ: Այս միջատներն անհավանական քանակությամբ բազմանում են երկրաշարժից հետո մնացած փլատակներում և աղբակույտերում: Ախտահանող խմբերը զինտեխնիկայի միջոցով պետք է հասնեն առավել վտանգավոր շրջաններ՝ որպեսզի հնարավոր լինի վերացնել այդ խնդիրը: Այսօր այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարար Տոսիմի Կիտաձավային:
«Մինչև հիմա տեղի իշխանությունները միջատների հետ պայքարը հանձնարարում էին տեղական կազմակերպություններին, սակայն արդյունքն աննշան էր: Ինքնապաշտպանության ուժերն օպերատիվ կերպով կզբաղվեն այս խնդրով»,- ասել է նա:
Բնակիչների տեղեկություններով՝ որոշ տեղերում ճանճերն ամբողջությամբ ծածկում են շենքերի պատերը: Նշենք, որ վերջին տարիներին ճապոնացիներին հաջողվել էր գրեթե իսպառ վերացնել կենցաղային ճանճերին:








































