Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է Կոնգրեսի առաջնորդներին՝ կոչ անելով համաձայնության գալ պետական պարտքի վերին թույլատրելի շեմը բարձրացնելու վերաբերյալ, և դրա համար տվել է 36 ժամ:
Օբամայի խոսքերով՝ դեմոկրատներն ու հանրապետականները պետք է փոխզիջումային տարբերակ գտնեն մինչև շաբաթ օրը: Այլապես հանգստյան օրերը ստիպված են լինելու անցկացնել Սպիտակ տանը: Եթե այս համաձայնությունը չլինի, ապա օգոստոսի 2-ին ԱՄՆ-ն ստիպված է լինելու դեֆոլտ հայտարարել, ինչը զգալի ազդեցություն կունենա համաշխարհային ֆինանսական շուկաների վրա:
Հանրապետականները չեն ցանկանում բարձրացնել պետական պարտքի վերին շեմը՝ կոչ անելով դրա փոխարեն կրճատել բյուջետային ծախսերը, իսկ դեմոկրատներն էլ այդ ծախսերի կրճատման դեպքում տնտեսական անկում են կանխատեսում:










































