Ֆրանսիայի ՌՕՈՒ մի քանի կործանիչներ մինչև ապրիլի վերջը կուղարկվեն պարեկություն կատարելու Բալթյան երկրների օդային տարածքում՝ կապված տարածաշրջանում լարվածության աճի հետ։ Ինչպես հաղորդել է ֆրանսիական բանակի գլխավոր շտաբի ներկայացուցիչ գնդապետ Պասկալ Ժորժենը, դա կարվի ՆԱՏՕ-ի դիտորդական առաքելության շրջանակներում։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Առաջին շրջանում ենթադրվում է ուղարկել չորս Rafale ինքնաթիռ»,- հայտարարել է Ժորժենը։ Ավելի վաղ այս ամսին Ֆրանսիան չորս կործանիչ էր ուղարկել Լեհաստանի երկնքում պարեկության համար։ Դրանից բացի, հայտարարվել էր, որ հսկողությունը Լեհաստանի և Ռումինիայի օդային տարածքում ապրիլի սկզբից իրականացնում է АВАКС համակարգի պարեկային ինքնաթիռը։
Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի օդային տարածքի պահպանությունը ՆԱՏՕ-ն ապահովում է 2004 թվականից։ Մինչև 2014 թ. մայիս առաքելության ղեկավարությունն իրականացնում է ԱՄՆ-ը։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունն արդեն հայտարարել է պաշտպանությունն իր արևելաեվրոպական սահմաններին ամրապնդելու մտադրության մասին՝ կապված Ուկրաինայում անկայունության հետ։








































