Apple ընկերությունը մտադիր է երաժշտական ստեղծագործությունները և դրանց կատարողներին ճանաչելու գործառույթը ներդնել իր նոր բջջային պլատֆորմի՝ iOS 8-ի մեջ, որը հավանաբար կներկայացվի հունիսի սկզբին՝ հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին:
Այժմ երգերը ճանաչելու համար iPhone-ի և iPad-ի տերերը կարող են օգտվել Shazam և SoundHound ծառայություններից՝ դրանք ներբեռնելով Apple App Store հավելվածների խանութից: Bloomberg-ի տվյալներով՝ Apple-ը նոր գործառույթը մշակում է հենց Shazam-ի հետ:
Shazam-ի հետ համագործակցության պայմաններն առայժմ չեն ճշգրտվում: Ամեն ամիս Shazam-ի երաժշտություն ճանաչելու հավելվածից օգտվում է մոտ 90 մլն մարդ:










































