Գերմանիայի RWE էներգետիկ կորպորացիան 2012 թվականին կնքված պայմանագրի շրջանակում սկսել է դեպի Ուկրաինա գազի ռևերսային մատակարարումները: Այս մասին հայտնում է Finanzen.net-ը: Գնային հստակ պայմանների և մատակարարման ծավալների մասին չի հաղորդվում:
Համաձայն պայմանագրի՝ Գերմանիան կարող է տարեկան մինչև 10 մլրդ խորանարդ մետր գազ մատակարարել մեծածախ եվրոպական գնով, որը 2014-ի առաջին եռամսյակում կազմել է 1000 խորանարդ մետրի դիմաց մոտ 380 դոլար: Այժմ Ռուսաստանն Ուկրաինային գազ է վաճառում 485 դոլարով: Գներն Ուկրաինայի համար ապրիլի սկզբից աճել են մոտ 80 տոկոսով:
Ապրիլի 14-ին դեպի Ուկրաինա գազի ռևերսային մատակարարումներ սկսելու պատրաստակամության մասին է հայտարարել Լեհաստանը, որի միջոցով կկատարվի նաև գերմանական արտահանումը: Սլովակիան նույնպես բազմիցս ընդգծել է իր գազատրանսպորտային համակարգով մատակարարումների կազմակերպման հնարավորությունը:
Ուկրաինան սկսել է ձգտել ռևերսային մատակարարումների 2012 թվականից, երբ պարզվել է, որ ԵՄ երկրներից գազի գնումը կարող է ավելի էժան լինել, քան անմիջականորեն Ռուսաստանից:








































