Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում նոր տվյալներ են ի հայտ եկել «Ալ-Քաիդա»-ի ձերբակալված 15 անդամների վերաբերյալ։ Պարզվում է, որ նրանք մտադիր են եղել պայթեցնել մայրաքաղաք Անկարայում գտնվող ԱՄՆ դեսպանատունը։
Ոստիկանությունը երկրի տարբեր շրջաններում ձերբակալված այդ անձանցից առգրավել էր 700 կիլոգրամ քիմիական նյութեր, որոնք նախատեսված էին պայթուցիկ պատրաստելու համար, ինչպես նաև 2 ինքնաձիգ, փամփուշտներ և քաղաքների քարտեզներ։
Բացի ամերիկյան դեսպանատնից, դավադիրները պլանավորել են նաև հարձակումներ գործել այլ «օտար օբյեկտների» վրա։ Ձերբակալությունները տեղի են ունեցել միայն այն բանից հետո, երբ ոստիկանությունը կես տարի շարունակ հետևել է գլխավոր կասկածյալներին։
Հիշեցնենք, որ «Ալ-Քաիդա»-ի թուրքական մասնաճյուղը մեղադրվում է ստամբուլյան երկու սինագոգների, Մեծ Բրիտանիայի հյուպատոսության ու բանկի վրա գործած հարձակումների մեջ, որոնց արդյունքում տուժել է ավելի քան 60 մարդ։







































