Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) բանակում տիրող աննորմալ մթնոլորտը և մեկը մյուսին հաջորդող մահացության դեպքերը հիմնավորում է բարոյահոգեբանական վիճակի անկմամբ: Նրա կարծիքով, բանակում չկան ժամանակն օգտավետ անցկացնելու հարմարություններ, զինվորը չգիտի՝ ինչով զբաղվի, իսկ մեզանում տարածված «գողական ռազբորկաների» մասին պատմող ֆիլմերը երիտասարդների վրա մեծ ազդեցություն են թողնում, և վերջիններս էլ բանակում իրենց պահում են, ինչպես այդ ֆիլմի հերոսները: Ըստ Կոմանդոսի՝ նոյեմբերի 19-ի ԼՂ ՊԲ-ում տեղի ունեցած միջադեպի համար Ադրբեջանը մեղավոր չէ. «Խնդիրը եղել է մեր զինվորների միջև: Կուլիսային խոսակցություններ են գնում, թե եզդի-հայ փոխհարաբերությունների պատճառով է ծագել վեճը»: Արկադի Տեր-Թադևոսյանն ընդգծեց, որ սրանից առաջ էլ մեր բանակում եղել են նման դեպքեր, սակայն մեղքը բարդել են ադրբեջանական կողմի վրա: