Ուրբաթ օրը Եվրահանձնաժողովի էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունթեր Էթինգերը հայտարարել է, որ աշխատում է Ռուսաստանին գազի դիմաց ունեցած Ուկրաինայի պարտքը մարելու նպատակով վերջինիս օգնություն ցուցաբերելու ծրագրի ուղղությամբ՝ հայտնում է Reuters-ը:
Ապրիլի 8-ի տվյալներով՝ գազի դիմաց «Գազպրոմին» Ուկրաինայի պարտքը 2,2 մլրդ դոլար է: «Մենք սերտ կապի մեջ ենք Ուկրաինայի և երկրի գազային ընկերության հետ՝ փորձելով հասնել նրան, որ ուկրաինական կողմը կարողանա վճարել մատակարարված գազի դիմաց, և «Գազպրոմին» ունեցած պարտքը չավելանա: Ես պատրաստում եմ որոշում, որն Ուկրաինայի համար օգնության փաթեթի մաս կլինի ԱՄՀ-ի, ԵՄ-ի և Համաշխարհային բանկի կողմից, ըստ որի՝ բաց հաշիվներով վճարումները հնարավոր կդառնան»,- ասել է Էթինգերը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի գազային պարտքի կապակցությամբ հինգշաբթի օրը ուղերձ է հղել Արևելյան և Արևմտյան Եվրոպաների ղեկավարներին: Պուտինի խոսքով՝ վերջին 4 տարում ՌԴ-ն գազի էժանացման հաշվին Ուկրաինային սուբսիդավորել է 35,4 մլրդ դոլար գումար և առաջարկել է անհապաղ նախարարական խորհրդակցություններ անցկացնել՝ Ուկրաինայի տնտեսության կայունացմանն ուղղված գործողություններ մշակելու և պայմանագրի պայմաններին խստորեն հետևելով՝ ապահովելու ռուսական գազի մատակարարումն ու տարանցումը:








































