Կարդացի այն գրառումը, որ 20 տարվա մեջ սա առաջին հանդիպումն էր։ Տարբեր ձևաչափերով եղել են կարճ հանդիպումներ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի և Նաիրի Հունանյանի հանդիպմանը։
«Ես հիշում եմ, որ մեկ տարի առաջ Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն ուզեցել էր հանդիպել, թե ինչ հարցեր էին քննարկել, այդպես էլ պարզ չդարձավ։ Բայց իմացա, որ մեր գործընկեր Արման Բաբաջանյանը երկու ժամ հանդիպում է ունեցել և քննարկել է բազմաթիվ հարցեր։ Արման Բաբաջանյանը, եթե նպատակահարմար գտնի, ինքն իր երկու ժամյա հանդիպման մասին տեղեկատվություն կհայտնի»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։ Նա հավելեց, որ հանդիպումը կարևոր էր այն առումով, որ 20 տարի հետո մեր երկրի քաղաքական ընթացքը շրջած անձնավորությունն ունի իրավական հնարավորություն՝ դիմելու վաղաժամ ազատվելու համար, և պետությունն էլ ունի ընթացակարգ, թե այդ ցանկությունն իրավական ճանապարհին ինչպես պետք է իրացվի։









































