Ճապոնիան որոշել է չհրաժարվել ատոմային էներգիայից և ընտրել է աշխատանքը դադարեցրած ԱԷԿ-ների վերագործարկման ճանապարհը՝ անվտանգությունը ստուգելուց հետո: Էներգետիկայի զարգացման այս հիմնական ծրագիրն ուրբաթ օրը տեղի ունեցած նիստի ժամանակ հաստատել է երկրի կառավարությունը՝ հայտնում է Ria Novosti-ն:
Ճապոնիայի կառավարությունն այս նոր ծրագրով շրջադարձ է կատարում «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարից հետո մինչև 2030 թվականն ատոմային էներգետիկայից հրաժարվելու մասին որոշումներից: Նոր ծրագիրը նախատեսում է ԱԷԿ-ների վերագործարկում այն բանից հետո, երբ Միջուկային հարցերի կարգավորման հանձնաժողովը վստահ լինի դրանց լիարժեք անվտանգության հարցում և թույլատրի աշխատանքի մեկնարկը:
Ծրագիրը նաև նախատեսում է էներգիայի վերականգնվող տեսակների արագացված ներդրում, որպեսզի մինչև 2020-ը երկրի էներգետիկայում դրանց բաժինը կազմի 13.5%, իսկ մինչև 2030-ը՝ 20%:
Որոշվել է նաև «Մոնձյու» արագ նեյտրոններով գործող ռեակտորը պահել որպես գիտական կենտրոն: Անցած տարվա մայիսի կեսին Միջուկային հարցերի կարգավորման հանձնաժողովն այն ճանաչել էր ոչ բավական անվտանգ և դադարեցրել էր դրա կրկնակի փորձնական գործարկումը՝ մինչև մոտ 10.000 անսարքությունների վերացումը:










































