«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը ներկայացնում է «Քամու հարսնացուներ» երաժշտական փառատոնը՝ նվիրված առաջին կին-կոմպոզիտորներին՝ Կլարա Շումանին, Ֆաննի Մենդելսոնին և Ալմա Մահլերին: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է արվեստի կենտրոնի մամլո ծառայությունից:
Փառատոնը կմեկնարկի վաղը՝ ապրիլի 12-ին, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում ժամը 20:00-ին:
Երաժշտական փառատոնն առնչվում է հասարակության մեջ և արվեստում կնոջ դերի բարձրացման հետ: Փառատոնի 3 համերգների շրջանակում կներկայացվեն Գերմանիայում 19-րդ դարի 30-ականներից բավական ակտիվ դերակատարում ունեցող երեք կին-երաժիշտներ՝ Կլարա Շումանը, Ֆաննի Մենդելսոնը, Ալմա Մահլերը:
Երեկոներից յուրաքանչյուրը կնվիրվի կին կոմպոզիտորներից մեկին: Ապրիլի 12-ի համերգը նվիրված կլինի Կլարա Շումանին, ամսի 22-ի համերգը՝ Ֆաննի Մենդելսոնին, իսկ ապրիլի 26-ի համերգը՝ Ալմա Մահլերին:
Փառատոնի համակարգող Մարինե Կարոյանը յուրաքանչյուր համերգից առաջ հանդես կգա ներածական խոսքով, որում կներկայացնի առաջին կին կոմպոզիտորների ի հայտ գալն ու ժամանակի հասարակական փոփոխությունները, նրանց ստեղծագործական առանձնահատկություններն ու մտորումները:
Փառատոնի ընթացքում հայ առաջնակարգ երաժիշտների կողմից կհնչեն ստեղծագործություններ, որոնք առաջին անգամ կկատարվեն Հայաստանում:










































