«Ցեղասպանության որբերը» ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից հետո որբ մնացած երեխաների մասին, արժանացել է Արծաթե Telly մրցանակին, որն այդ մրցույթի առաջին մրցանակն է: Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարէզ»-ը:
Ֆիլմը նկարահանել է Armenoid թիմ անունը կրող խումբը, որի մեջ են մտնում Պոլ Անդոնյանը, Պետո Տեր-Պետրոսյանը և Բարեդ Մարոնյանը, որը բազմիցս արժանացել է Emmy հեռուստատեսային մրցանակի: Ֆիլմը հնարավոր է եղել նկարահանել Բեզիգյան ընտանիքից ստացված դրամաշնորհի միջոցներով: Այս ֆիլմն արդեն ներկայացված է Emmy-ի տարածաշրջանային մրցույթին: Մարոնյանը «Ասպարէզին» ասել է, որ ֆիլմը ցուցադրվելու է New York City Filmmaker’s Festival-ի փառատոնում, որը մեկնարկում է այս տարվա օգոստոսի 27-ին:
Ֆիլմում պատմվում է այն մասին, թե ինչպես են հազարավոր երեխաներ թրքացվել Ցեղասպանության ժամանակ:
Ֆիլմը վավերագրական է և տևում է 18 րոպե:










































