Այսօր Երևանի պետական համալսարանում հյուրընկալված վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով ուսանողներից մեկի հարցին Forbes-ի վարկանշային աղյուսակի վերաբերյալ, հայտարարեց, որ ավելի կարևորում է Հայաստանի վարկանշի վերաբերյալ «Մուդիսի», «Ֆիտչի» և «Ստանդարտ անդ փուրսի» գնահատականները և ոչ թե «ինչ-որ մի կայքի», որի գնահատականը «ինչ-որ քաղաքական գործիչներ» վերցնում են ու շահարկում:
«Պետք է հիասթափեցնենք մեր ընդդիմախոսներին այն առումով, որ «Ֆիտչի» և «Մուդիսի» կազմակերպությունները մեր ռեյտինգը կայուն են գնահատում: Այս պահի դրությամբ, վերջին գնահատականներով մեր ռեյտինգը ավելի բարձր է, քան հարևան Վրաստանինը, Արգենտինայինը, Հունաստանինը»,- հայտարարեց Տ. Սարգսյանը:
Ըստ նրա՝ կա կոնկրետ չափման եղանակ, մեթոդաբանություն, թե ինչու է իրավիճակն այդպիսին, և այն թույլ է տալիս բացահայտել ՀՀ ուժեղ և թույլ կողմերը. «Մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ մեր ռեյտինգը ավելի բարձրանա»:
Վարչապետը ելույթ ունեցավ ուսանողների առաջ «Գլոբալ տնտեսությունը և Հայաստանի տնտեսական զարգացումները» թեմայով, ներկայացրեց համաշխարհային տնտեսության առկա խնդիրները, դրանց ազդեցությունը մեր երկրի տնտեսական զարգացումների վրա և Հայաստանում սպասվող հեռանկարները: Վարչապետը տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի 81 շրջանավարտների հանձնեց ավարտական դիպլոմներ։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը,արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և մի շարք այլ գործարարներ:








































