Ի պատասխան Դոնեցկի անջատողականների, որոնք ռուս ռոքերին մեղադրում են հակապուտինյան դիրքորոշման համար, երաժիշտը որոշել է Դոնբասում իր հանդեպ անբարյացակամ տրամադրվածներին նամակով պատասխանել, հայտնում է viva.ua-ն:
«Լավ եմ հասկանում, որ հասարակ մարդկանց կյանքն այստեղ «շաքար չէ»: Ոչ ոք այս սեղանի շուրջ նստածներից չգիտեր այն ժամանակ, թե ինչպիսի հուսահատության, գաղափարական, քաղաքացիական պատերազմի կհասնի մոտ ապագայում Ուկրաինան, ինչու չէ՝ նաև Ռուսաստանը: Շատ հաղորդավարների ու ակտիվիստների տգետ չարությունը, կոպտությունն ու լկտիությունը, ոռնոցները իմ հանդեպ, չեմ ստի, ապշեցնում են: Ստացվում է, որ ձեր բոլոր դժբախտություններում, իշխանությունների ու նրանց մերձավորների տոտալ կոռուպցիայի ու գողության մեջ մեղավոր են Շևչուկն ու Մակարևի՞չը:
Չէի սպասում, որ տվյալ պահին ես կործանել եմ ամբողջ Դոնեցկի մարզը: Ձեզ չի՞ թվում, որ գրողների, պոետների, երաժիշտների հանդեպ, որոնք տեղի ունեցածի նկատմամբ այս կամ այն պետական տեսակետին համամիտ չեն, այդ ատելությունը ինչ-որ կերպ հիշեցնում է հիտլերյան Գերմանիայում նացիստների կողմից գրքեր այրելը: Դուք դեմ եք ֆաշիզմին, այնպես չէ՞»,- ասում է երաժիշտը:
Շևչուկը բացատրել է, որ չի աջակցում ո՛չ քաղաքական գործիչներին, ոչ էլ արմատականներին, այլ առաջին հերթին՝ ուկրաինացիների ձգտմանը՝ կառուցել քաղաքակիրթ եվրոպական պետություն, որտեղ կկիրառվեն օրենքներն ու կպատժվի կոռուպցիան:
ԴԴՏ-ի վոկալիստը փորձել է բացատրել Դոնեցկի բնակիչներին, որ Ռուսաստանն ու Ուկրաինան նույնանման խնդիրներ ունեն:
«Ռուսաստանում, ինչպեսև ձեզ մոտ, հարուստները հարստանում են, իսկ աղքատները՝ աղքատանում: Արդյունաբերությունը հազիվ է շնչում, դատարաններում հեռախոսային իրավունք է: Դուման ամեն օր օրենքներ է տպում, որոնք սահմանափակում են քաղաքացիական իրավունքը: Ամեն ինչ պահվում է գազի ու նավթի հիման վրա, որը շատ շուտով կսպառվի»,- գրել է Շևչուկը:









































