Խորհրդարանական ոչ իշխանական քառյակը հայտարարել է շուրջօրյա հանրահավաքների մասին, որոնք կտևեն երեք օր՝ գուցե առայժմ, ապրիլի 28-ից՝ երբ քառյակը ԱԺ-ում կբարձրացնի կառավարության պաշտոնանկության հարցը, մինչև ապրիլի 30, երբ ըստ քառյակի հաշվարկի` հարցը կհասնի քվեարկության: Այդպիսով, երկարատև խորհրդակցությունների արդյունքը, այսպես ասած, միս ու արյուն է ստանում, գոնե ինչ-որ չափով:
Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը քառյակին բավական հստակ հասկացրել է, որ վարչապետին փոխելու պահանջը բավարարել չի պատրաստվում: Հակառակ դեպքում քառյակը հազիվ թե անցներ շուրջօրյա հանրահավաքային ռեժիմի, հատկապես երբ ԲՀԿ-ական Վահան Բաբայանը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ փողոց դուրս կգան, եթե իշխանությունը չբավարարի կառավարության վերաբերյալ իրենց պահանջը: Փաստորեն, քառյակը փողոց է դուրս գալիս ավելի շուտ, այսինքն` պահանջին զուգահեռ, ինչը նշանակում է, որ հստակ մեսիջ է ստացել առ այն, որ պահանջը չի բավարարվելու: Դե չբավարարելը հիմի դու տես` ասում է քառյակը Սերժ Սարգսյանին:
Պետք է արձանագրել, որ շուրջօրյա հանրահավաքները, ըստ էության, գործնական քայլ են, ավելի շուտ` քայլերի գործնականացման, ըստ էության, առաջին դրսևորումն են: Ինչ են անելու հետո, երբ Սերժ Սարգսյանը անգամ այդ դեպքում տեղի չտա, քառյակում չեն ասում: Չեն ասում կամ մարտավարական նկատառումներից ելնելով և խաղաքարտերը չբացահայտելու համար, կամ էլ իսկապես չգիտեն, թե ինչ են անելու, այսինքն` քառյակում համաձայնությունները լինում են իրավիճակային, այսինքն` կարճ ժամանակի համար, իսկ հեռահար համաձայնությունների հարցում կան խնդիրներ:
Այդ դեպքում, սակայն, անհասկանալի է, թե ինչպես են լուծելու վարչապետի խնդիրը, եթե ՀՀԿ-ն ստիպված տեղի տա իրենց պահանջին: Ու՞մ են առաջարկելու վարչապետ: Բանն այն է, որ ԲՀԿ-ից նույն Վահան Բաբայանը հայտարարել էր, որ իրենց համար նոր ՀՀԿ-ական վարչապետի նշանակումը ընդունելի չէ: Չի բացառվում, որ նոր վարչապետի հարցի շուրջ քննարկումներ քառյակը ծավալի հենց Ազատության հրապարակում, այսինքն` հենց այնտեղ փորձեն վարչապետի թեկնածություն որոշել: Այլապես ինչ պետք է անեն երեք օր: Բեմադրելը դժվար չէ: Հասարակությունից կհնչեն առաջարկություններ, և կլինեն քննարկումներ: Դա շատ հարմար սխեմա է հնարավոր բոլոր թեկնածուների անունների կապակցությամբ հասարակական զոնդաժ իրականացնելու համար, հանդիսատեսի արձագանք փորձարկելու համար:
Ընդ որում` չի բացառվում, որ քառյակը ինչ-որ կերպով նաև ինքն իր մեջ մրցակցի, ոչ հրապարակավ իհարկե, այլ հենց տրամադրություններ շոշափելու առումով հասկանան, թե ում մոտեցումներն ու դիրքերն են ավելի պոպուլյար: Համենայնդեպս, առնվազն տարօրինակ կլինի, եթե երեք օրերի ընթացքում հասարակությանը չներկայացվեն նոր առաջարկներ, նոր գաղափարներ, նախագծեր, մոտեցումներ: Եթե չորս ուժ պետք է երեք օր հավաքվի հրապարակում և ասի նույն բաները, ինչ հասարակությունը լսում է արդեն ամիսներ շարունակ, ապա շատ մեծ ցանկության դեպքում անգամ դժվար կլինի այդ ակցիան էֆեկտիվ համարելը, թեև իհարկե լեզվի տակ ոսկոր չկա, և ոչ իշխանականները ցույց են տվել, որ կարող են նույնիսկ քամին վերագրել իրենց իմաստուն և հեռատես վերլուծություններին և պլանավորումներին:
Ի դեպ, պլանավորումների մասով: Հետաքրքիր է, որ քառյակի նոր համաձայնությունը շուրջօրյա հանրահավաքների մասով համընկավ մամուլի այն հրապարակումներին, ըստ որոնց Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը Դուբայում քննարկել են Հայաստանի ներքաղաքական զարգացումները: Ընդ որում` մեկ այլ հետաքրքրական հանգամանք էլ: Բառացիորեն քառյակի պայմանավորվածության նախօրեին ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ քառյակը հետագա գործողությունների շուրջ քննարկումներ չի արել: Այսինքն` Ռուստամյանը, ըստ էության, անհամաձայնություն էր հայտնել փողոցային հարյուր հազարանոց ակցիաների վերաբերյալ ԲՀԿ-ական Վահան Բաբայանի հայտարարություններին: Փաստորեն, նաև այդ հայտարարությունից հետո է տեղի ունենում քառյակի որոշումը շուրջօրյա հանրահավաքների մասին:
Միաժամանակ, այդ որոշումը կայացվում է երկու այլ էական հանգամանքներին զուգահեռ: Նախ կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՍԴ որոշման, վճռի հրապարակման նախօրեին: Եվ երկրորդը՝ Քեսաբի վերաբերյալ հատկապես ռուսական աղբյուրներից լարվածության և ապոկալիպտիկ տրամադրությունների, էմոցիոնալ լարման գեներացման ֆոնին: Պետք չէ բացառել, որ այդ ամենի հետ զուգահեռ ժամանակահատվածը ընտրվել է որպես իշխանության վրա հոգեբանական ճնշման ամենահարմար ժամանակահատված: Սակայն, փաստորեն, իշխանություններին տալիս են մի ամիս ժամանակ:
Ինչի՞ համար է այդ ժամանակը՝ որ իշխանությունները պատրաստվե՞ն շուրջօրյա հանրահավաքներին, թե՞ որպեսզի իշխանությունները քառյակի ադամների հետ սկսեն բանակցություններ վարել և ինչ-որ բաներ առաջարկել, նախաձեռնությունը ձախողելու համար: Համենայնդեպս, գիտենք, որ Հայաստանում քաղաքական ցանկացած միավորման պարագայում նման իշխանական արձագանքները նորություն չեն, այլ ավանդույթ են:
Եվ ընդ որում` տխուր ավանդույթ է նաև այն, որ նման մեթոդոլոգիայով իշխանությունները, որպես կանոն, ունենում են հաջողություններ: Ու նաև` ներկայումս քառյակի մեջ գտնվող ու ուժերի և անհատների մեջ շատ են այն սուբյեկտները, որոնք իշխանությունների հետ պայմանավորվածությունների հարուստ փորձ և տպավորիչ օրինակներ ունեն: Բոլոր դեպքերում, ամեն ինչ էլ լինում է առաջին անգամ, և չի բացառվում առաջին անգամ լինի այնպես, որ ոչ մի` այսպես ասած ընդդիմադիր կամ ոչ իշխանական ուժ այս անգամ իշխանությունների հետ պայմանավորվածության չգնա: Դա միայն ապրիլյան եռօրյան ցույց կտա:
Առայժմ փաստն այն է, որ քառյակը կոշտացնում է դիրքորոշումը` միևնույն ժամանակ, ըստ էության, իշխանություններին զրահապատվելու ժամանակ տալով: Թեև չի բացառվում, որ քառյակը համոզված է, որ իշխանություններին ոչ մի զրահ այլևս ի վիճակի չէ փրկելու:







































