Սիրիայի հյուսիսում «Իսլամական պեությունն Իրաքում և Լևանտում» (Դաիշ) ահաբեկչական խմբավորման ջանքերով ստեղծվել է մահապարտների պատրաստման մանկական ճամբար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով «Ալ- Շարկ Ալ -Աուսատ» թերթին:
Ճամբարում, որը ստացել է «Աշբալ Ալ-Աազ» (Ամենաթանկ երեխաները) անվանումը, ներկայում նախապատրաստություն է անցնում 7-13 տարեկան 50 տղա:
Ուսումնական ճամբարը գտնվում է սիրիական Ալ-Ռաքա քաղաքից արևմուտք ընկած Ալ-Տաբկա բնակավայրում: Մարզիչներից մեկը՝ Իբրահիմ Մուսալիմը, հայտնել է, որ դեռահասներն իսլամիստական պետության վստահության աղբյուրն են, ովքեր ոչ մի քայլ չեն զիջի հանձնարարության կատարումից, և նրանք որևէ բան չեն պահանջում հանուն Ալլահի իրենց զոհաբերության համար: «Ավելի հասուն երիտասարդները որևէ ահաբեկչության իրականացման համար որոշակի նյութական պարգևատրում են պահանջում»,- հավելել է Մուսալիմը:
Ճամբարում դեռահաս մահապարտների պատրաստումը տևում է մոտ 25 օր:
Նշենք, որ միջազգային քրեական դատարանը մինչև 15 տարեկան երեխաների հավաքագրումը ռազմական կառույցներ կամ նրանց օգտագործումը մարտական գործողություններում դիտարկում է որպես ռազմական հանցագործություն:









































