Հայաստանում հասարակակaն-քաղաքական քննարկումների թիվ մեկ թեման շարունակում է մնալ Մարտի 1-ի քրեական գործը՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի գործի անջատված մասով, և դրա շուրջ զարգացող իրադարձությունները՝ մասնավորապես ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով դիմելու ՍԴ որոշումը: Թեման քննարկելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է նախկին քաղբանտարկյալներ Ժորա Սափեյանին, Վարդան Մալխասյանին և Գրիգոր Ոսկերչյանին:
Վարդան Մալխասյանի կարծիքով՝ ՍԴ ոչ լեգիտիմ նախագահը ժամանակ շահելու համար է դիմել նման քայլի. «Նա հայտնվել է շատ աննորմալ վիճակում: Նախ՝ սահմանադրական փոփոխությունները տեղի ունեցան խայտառակ հանցանքներով և խախտումներով, ինչի մասին միայն բողոք ներկայացրեց ՀԱԿ-ը: Սրանք այնպիսի Սահմանադրություն են ձևավորել, որ հավերժացվեր իրենց իշխանությունը և դառնար իրենց երաշխավորը: Հանրապետական կոչված այդ բանդան նպատակ ուներ մինչև 35-40 թվականը մնալ իշխանության: Եվ նրանց երաշխավորը պետք է լիներ ՍԴ նախագահ կոչված այս խրտվիլակը»:
Վարդան Մալխասյանի խոսքով՝ ՍԴ նախագահին հանելու այլ ձևեր էլ կան. «Գյուղ կանգնի, գերանները կկոտրվեն: Եթե հաջողվել է Սերժին ու սելջուկին ասպարեզից մաքրել, էս մնացորդին չե՞ն կարող մաքրել: Հրայր Թովմասյանից սկսած՝ մինչև նախկին իշխանության ժամանակ աշխատած վերջին դատավորը ծայրեծայր փչացած են, և նրանցից ոչ մեկն իրավունք չունի աշխատելու նոր իշխանության հետ»:
Գրիգոր Ոսկերչյանն էլ կարծում է, որ գործը որքան ձգձգվում է, այնքան հետադիմական ուժերը հնարավորություն են ունենում պղտոր ջրում ձուկ բռնելու. «Հանրապետականի և Սերժ Սարգսյանի համար շատ ավելի կարևոր է Ռոբերտ Քոչարյանի միջոցով քաոտիկ, անկայուն իրավիճակ ստեղծելը, քան Ռոբերտ Քոչարյանի ճակատագիրը: Ռոբերտ Քոչարյանն այսօր ինքը խաղալիք է այն ուժերի ձեռքին, որոնք մտածում և երազում են ռևանշի մասին»:
Նախկին քաղբանտարկյալ Ժորա Սափեյանն էլ նախ նկատեց, որ նախկինները ՀՀ նախագահի աթոռը զբաղեցրել են Սահմանադրության հիմնական կետը խախտելով՝ չեն եղել 10 տարվա բնակիչ. «Էլ ո՞ւր մնաց իրենց հագով կարած Սահմանադրությունը օրինական լինի»:
Նրա խոսքով՝ եթե ունենային բարոյական արժեքներ, ՍԴ ամբողջ կազմը պետք է հրաժարական տար:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:









































