ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի շուրջ առաջացած մտահոգությունները հաշվի առնելով՝ նախարարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողով՝ ստանալու Հանձնաժողովի պաշտոնական կարծիքը ՀՀ Սահմանադրության տեսանկյունից Կոնվենցիայի վավերացման ազդեցության վերաբերյալ: Թեմայի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայ Առաքելական եկեղեցին՝ նշելով, որ Սեռի նկատմամբ Ստամբուլյան կոնվենցիայի մոտեցումները հակադրության մեջ են ընտանիքի վերաբերյալ Եկեղեցու անփոփոխ վարդապետության հետ։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Վենետիկի հանձնաժողովին դիմելու կարիք չկար.«Որևէ անհասկանալի դրույթ, հարց՝ Ստամբուլյան կոնվենցիայի սկզբունքների ու ՀՀ Սահմանադրության, Հայաստանի կողմից վավերացրած մյուս միջազգային պայմանագրերի առնչությամբ չկա։ Շատ տարօրինակ կլիներ, որ արդեր վավերացված մարդու իրավունքների կոնվենցիան ուղարկվեր Վենետիկի հանձնաժողով կամ քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրն ուղարվեր Վենետիկի հանձնաժողով՝ եզրակցություն ստանալու, թե արդյոք կոնվենցիան համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Այդ փաստաթղթերի վավերացումը Հայաստանի կողմից հիմք է տալիս պնդելու, որ Ստամբուլյան կոնվենցիան ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը ու Հայաստանի կողմից վավերացված մարդու իրավունքների վերաբերյալ մյուս բոլոր փաստաթղթերին»։
Ինչ վերաբերում է եկեղեցու հայտարարությանը, Սաքունցը նշեց.«Եկեղեցու կարծիքն ինձ համար հասկանալի է ու որևէ երկրում ես չեմ հանդիպել, որ քրիստոնեական եկեղեցին խտրականության հետ կապված չունենա այս նույն վերաբերմունքը։ Քրիստոնական ուղղության դավանանքի բոլոր եկեղեցիներն էլ ունեն խտրական վերաբերմունք մարդու իրավունքների բնագավառում, չնայած որոշ երկրներում եկեղեցիները կարողանում են ժամանակի ընթացքում հաղթահարել այդ դոգմաները և շատ ավելի ազատությունների ընկալման տիրույթ տեղափոխել քրիստոնեական դավանանքի մեկնաբանությունները։ Մարդու իրավունքների վերաբերյալ հիմնական փաստաթղթերը եվրոպական և արևմտյան քաղաքակրթության կողմից են մշակվել, զարգացվել, դրանք էլ մեծամասամբ քրիստոնեական պետություններ են եղել»։
Ըստ Սաքունցի՝ եկեղեցիները նույիսկ նման ավանդական, քրիստոնեական մշակույթի պետություններում ունենալով իրենց կարծիքը, այնուամենայնիվ չեն կարողացել կասեցնել մարդու իրավունքների վերաբերյալ զարգացումները.«Հենց եվրոպական, արևմտյան քաղաքակրթության, մարդկային քաղաքակրթության փորձը ցույց է տալիս, որ այն բոլոր պետություններում, որտեղ եկեղեցին քաղաքական դեր է ունեցել՝ այնտեղ տիրել է դիկտատուրա։ Այն պետությունները, որտեղ դիկտատուրական ռեժիմ է եղել, այդտեղ կա՛մ եկեղեցիները հարմարվել կա՛մ մաս են կազմել դիկտատուրական ռեժիմին։ Այսինքն՝ այդ խտրական մոտեցման քաղաքականությունը, որը հիմք է հանդիսանում բռնապետական կառավարմանը՝ համահունչ է եղել եկեղեցու մոտեցումներին։ Այդ առումով չեմ զարմանում, բայց չեմ էլ գտնում, որ Հայաստանում եկեղեցին թեկուզ իր ավանդական, խտրական դիրքորոշմամբ կկարողնա կասեցնել Հայաստանի Հանրապետության՝ որպես իրավական ու ժողովրդավարական պետության զարգացումը։Եկեղեցին, ընդհակառակը, պետք է հենց ինքն ապաշխարի Հայաստանում իրավական ու ժողովրդավարական սկզբունքներից նահանջի, դրա հետևանքով մարդկանց հասցված տառապանքների համար ու գիտակցի սեփական պատասխանատվությունը»։
Իրավապաշտպանը եզրափակեց.«Սահմանադրությամբ ամրագրված է մի կարևոր դրույթ՝ պետությունն ու եկեղեցին իրարից անջատ են, իսկ դա նշանակում է, որ եկեղեցին քաղաքական որոշումների կայացնողը չի եղել, ընդամենը հանրային կարծիք արտահայտողներից մեկն է։ Կարող է իր դիրքորոշումը ներկայացնել, բայց դրանք չեն կարող նշանակություն ունենալ քաղաքական որոշման վրա, եթե դրանք խտրական և հակասահմանադրական են»։
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի








































