Հարավային Կովկասն ավելի մեծ կարևորություն կստանա Արևմուտքի համար, եթե իրանական գազը Եվրոպա առաքվի Հայաստանով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանի հասարակական հետազոտությունների ինստիտուտի հետազոտական կազմակերպության համանախագահ, փորձագետ Գեորգի Թարխան-Մուրավին՝ անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին, Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությանն ու Իրան-Արևմուտք բանակցություններին:
Նա նշեց, որ հայ-վրացական հարաբերություններում, չնայած Վրաստանի ու Հայաստանի արտաքին քաղաքական հակադրվող վեկտորներին, խնդիրներ չկան: Ըստ նրա՝ Հայաստանը կարող է լինել ՄՄ անդամ, Վրաստանը կարող է ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ քաղաքական գործակցությունը և եղբայրական հարաբերությունները կարող են շարունակվել:
Նրա խոսքով՝ այլ հարց է, որ հակադրվող վեկտորները կանդրադառնան երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական հարաբերությունների վրա: Խնդիր կարող էր լինել նաև այն, որ Վրաստանը միանար անվտանգության մեկ բլոկի, իսկ Հայաստանը՝ այլ, բայց նման հեռանկար ևս չկա:
«Կա փոխադարձ անվստահություն, քանի որ Վրաստանը վատ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, իսկ Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է: Բայց արդեն մի քանի տարի է, ինչ այդպես է, և դա քիչ է խոչընդոտում երկկողմ հարաբերություններին: Թե ինչ կլինի հետագայում՝ կախված է նրանից, թե կկայանա՞ արդյոք Եվրասիական միությունը, թե՞ ոչ: Ես չգիտեմ, թե դա ինչ պրոյեկտ է իրականում»,- նշեց վրաստանցի փորձագետը:
Հարցին՝ ՆԱՏՕ-Վրաստան անդամակցության բանակցությունների հերթական փուլը չի՞ հարուցի արդյոք Ռուսաստանի «զայրույթը», նա պատասխանեց, որ դա դեռ քննարկվում է, որոշում է կայացվելու գագաթնաժողովի ընթացքում ճանապարհային քարտեզի շուրջ:
«Վրաստանն արդեն խնդիրներ ունի Ռուսաստանի հետ, էլ ի՞նչ խնդիրներ պետք է առաջանան մոտակա շրջանում: Առաջիկա հեռանկարում Ղրիմում տեղի ունեցողն ու ռուս-ուկրաինական հարաբերությունները սպառնալիք են ոչ միայն Վրաստանի, այլև ողջ Հարավային Կովկասի համար»,- ասաց նա՝ հավելելով, որ Ռուսաստանն ավելի ու ավելի քիչ է հարգում միջազգային իրավունքը, ուստի արդեն երևում է, թե ապագայում ինչ կլինի Մերձդնեստրում և Հարավարևելյան Ուկրաինայում:
Ըստ նրա՝ Արևմուտքն արձագանքում է պատժամիջոցներով, որոնք ավելի խիստ բնույթ կկրեն ապագայում: Սակայն, նրա համոզմամբ, ռուսական ռևանշիզմը անհնար է կասեցնել պատժամիջոցներով: «Ուստի անկայունությունը շարունակվում է և սպառնում է մեզ բոլորիս»,- նկատեց նա:
Գեորգի Թարխան-Մուրավին հատկապես կարևորում է Արևմուտք-Իրան հաջող բանակցությունները: Նրա գնահատմամբ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնությունը տարածաշրջանը տանում է կայունության:
«Ուստի Վրաստանի հետաքրքրությունների շրջանակում է նաև այն, որ տարածաշրջանն ավելի մեծ կարևորություն ստանա Արևմուտքի համար, իսկ Հայաստանով իրանական գազի առաքումը Եվրոպա դրան է ծառայում, որին Վրաստանը միայն կողմ կլինի: Եթե տնտեսական որոշակի կորուստներ լինեն, ամեն դեպքում ձեռքբերումներն ավելի շատ կլինեն Վրաստանի համար»,- ասաց վրացի փորձագետը:









































