Թերթը հայտնում է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնից հեռացվելուց հետո, ըստ որոշ տեղեկությունների, Գագիկ Բեգլարյանը այստեղ-այնտեղ հայտարարում է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա խորհրդարանական ընտրություններում.
«Հաշվի առնելով, թե ինչ աղմուկով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Բեգլարյանին հեռացրեց քաղաքապետի պաշտոնից, երեկ ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ՀՀԿ-ն Բեգլարյանին ընդգրկե՞լ է իր այն ցուցակում, որի գոյության մասին արդեն մամուլում հրապարակումներ են եղել. «Եթե Բեգլարյանը նման ցանկության հայտնի, դա կքննարկվի կուսակցության խորհրդում: Թե՛ համամասնականի, թե՛ մեծամասնականի դեպքում որոշում պետք է կայացնի կուսակցությունը, ու այդտեղ չեմ կարծում, թե խնդիր կա, մանավանդ, որ Գագիկ Բեգլարյանը շարունակում է մնալ ՀՀԿ անդամ»,- պատասխանել է Սահակյանը՝ հավելելով, որ քանի դեռ բավական ժամանակ կա մինչ ընտրություններ, ուստի որևէ ցուցակ ՀՀԿ-ում դեռ չի քննարկվում:
«Իսկ Բեգլարյանը քաղաքապետի պաշտոնից հեռացվելուց հետո կարծես ընդհատակ է անցել, և նրան դժվար է որևէ կերպ գտնել: Նախօրեին մենք այցելեցինք Բեգլարյանի տուն (գտնվում է նախկին «Դրուժբա» հանրախանութի շենքում), սակայն այնտեղ հերթապահող մի երիտասարդ ասաց, որ Բեգլարյանը երկրում չէ, և դժվար է ասել, թե երբ կվերադառնա»,- հավելում է «ՀԺ»-ն:








































