Նախօրեին Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործով հարցաքննվել է երկրի ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը` վկայակոչելով Վրաստանի գլխավոր դատախազության մամլո ծառայությանը, Մերաբիշվիլին չի կարողացել հիշել գործի համար որևէ կարևոր հանգամանք: Նա միայն պարզաբանել է, որ 2005թ. փետրվարի 3-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ինքը Ժվանիայի մահվան պատճառը հայտարարել է բնական գազից թունավորումը, քանի որ անձամբ գտնվել է դեպքի վայրում, որտեղ զգացվել է գազի հոտը:
Ժվանիայի մահվան մասին Մերաբիշվիլին հասարակությանը տեղեկացրել է փետրվարի 3-ին` տեղի ունեցածը գնահատելով որպես դժբախտ պատահար: Մամլո ասուլիսի անցկացման ժամանակ ոչ միայն փորձագիտական եզրահանգում չի եղել, այլ նույնիսկ սկսված չի եղել դիակի հետազոտությունը:









































