«Փարաջանով» ֆիլմի սցենարի հեղինակ, պրոդյուսեր, համառեժիսոր Ելենա Ֆետիսովան չի մասնակցի ֆիլմին շնորհվելիք Հայաստանի պետական մրցանակի հանձնման արարողությանը, հաղորդում է comments.ua-ն:
Ֆետիսովայի խոսքով՝ բոյկոտի պատճառ է հանդիսացել Ղրիմի հանրաքվեի հարցով Հայաստանի քաղաքական դիրքորոշումը: Այս մասին նա հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում:
«Այն կապակցությամբ, որ դուք աջակցել եք Ղրիմում անցկացրած «հանրաքվեին»՝ այն անվանելով «ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ», որը, սակայն, իմ՝ Ուկրաինայի քաղաքացու կարծիքով միջազգային իրավակարգի և եվրոպական արժեքների ոտնահարում է, ինչպես նաև սպառնում է Ուկրաինայի խաղաղությանը, քաղաքացիների անդորրին և ամբողջ մարդկությանը, պաշտոնապես հայտարարում եմ, որ անհնարին եմ համարում մասնակցել ֆիլմի պարգևատրման արարողությանը, որը կայանալու է մարտի 21-ին Երևանում»,- հայտարարել է Ֆետիսովան:
Ռեժիսորը հրաժարվել է նաև դրամական պարգևատրումից և խնդրել է գումարը տրամադրել հայ որբերին:
«Վստահ եմ, որ Սերգեյ Փարաջանովը նույն կերպ կվարվեր»,- հավելել է նա:









































