Կատալոնական «Բարսելոնա»-ում տրանսֆերային նոր սկանդալ է հասունանում: Այս մասին գրում է El Pais-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարկային մարմինները սկսել են հետաքննել Դավիդ Վիլյայի տրանսֆերը՝ «Վալենսիա»-ից «Բարսելոնա»: Ակումբի ներկայացրած հաշվետվությունում տեղափոխության արժեքը կազմել է 40 մլն եվրո, բայց ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտան հավաստիացնում է, որ «Բարսա»-ն վճարել է 50 մլն եվրո:
«Վալենսիա»-ի նախկին նախագահ Մանուել Լյորենտեի ու նախկին փոխնախագահ Խավյեր Գոմեսի (ով ներկայումս Իսպանիայի Լա Լիգայի գլխավոր մենեջերն է) անուններն ընդգրկված են դատական գործի փաստաթղթերում, որոնք դատարանին ներկայացրել է «չղջիկներ»-ի նախկին բաժնետեր Անդրես Սանչեսը:
«Տրանսֆերը բազմաթիվ տարօրինակ կողմեր ունի»,- ասել է Սանչեսը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նեյմարի տրանսֆերի հետ կապված սկանդալի արդյունքում հրաժարական է տվել «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը:





































