Գոլդ Քոսթ քաղաքի օդանավակայանի թռիչքուղու վրա հայտնված մեծ կրիան ավիաթռիչքի հետաձգման պատճառ է դարձել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով SBS-ին:
Պարբերականի տվյալներով, Jetstar ավիաընկերության ինքնաթիռի հրամանատար Ջեյմս Ֆուլերը թույլտվություն էր ստացել թռիչքն իրականացնելու համար և արդեն սկսել էր արագություն հավաքել, երբ թռիչքուղու վրա օտար առարկա էր նկատել, որն իրականում խոշոր կրիա էր: Անձնակազմը որոշում էր կայացրել ընդհատել թռիչքը կենդանուն անվտանգ վայր տեղափոխելու համար:
«Երբ մենք հասկացանք, որ դա կենդանի կրիա է, անհապաղ կապնվեցինք դիսպետչերի հետ և թույլտվություն խնդրեցինք լրացուցիչ կայանատեղի ստանալու համար, իսկ ուղևորներին հայտարարեցինք, որ անհրաժեշտ է մի փոքր սպասել կրիայի պատճառով, որը հանգստի համար անհաջող վայր է ընտրել»,-պատմել է Ֆուլերը հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Չնայած առաջին հայացքից իրավիճակը հետաքրքրական է, սակայն կենդանու հայտնվելը թռիչքուղում կարող էր լրջագույն վտանգ ներկայացնել օդանավի, ուղևորների, ինչպես նաև կրիայի համար:









































