«Նախախորհրդարանի» անդամ Հովհաննես Ղազարյանը, Վանաձորի և ընդհանրապես տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրներին անդրադառնալով, խոսում է նախ ՏԻՄ-ի ստեղծման ակունքներից: Նրա խոսքով՝ ՏԻՄ համակարգն ստեղծելիս այն պատճենվեց պետական կենտրոնական կառավարման համակարգից՝ այնտեղ առկա բազմաթիվ արատավոր երևույթներով, ինչպես՝ ատկատներ, խնամի-ծանոթ-բարեկամ, սեփական և այլոց նեղ շահը համայնքի ու նրա բնակիչների շահերից վեր դասելը և այլն:
«Կենտրոնական համակարգը, լինելով օտարների ու անհատների նեղ շահեր սպասարկող, կարծես օրինակ հանդիսացավ ՏԻՄ-ի համար, որ կրկնօրինակվի ու սպասարկի ոչ թե համայնքի, այլ նույն կենտրոնում «խաղացողների», տեղական իշխանիկների ու անհատների շահերը»,- ասում է Հովհաննես Ղազարյանը:
Մյուս խնդիրը, ըստ նրա, համայնքապետի պաշտոնի՝ քաղաքական ընկալման հետ է կապված: «Շատ հաճախ համայնքի ղեկավարներն իրենց պաշտոնը ընկալում են որպես կենտրոնի կողմից վարվող քաղաքականությունը համայնքներում իրականացնողների պաշտոն: Այս գործառույթն ունեն մարզպետները: Իսկ համայնքի ղեկավարները պիտի մշակեն ու իրականացնեն իրենց համայնքի շահերից բխող, այդ համայնքի բնակիչների համար ընդունելի, ուրույն քաղաքականություն»,- ասում է Հ. Ղազարյանն ու նկատում, սակայն, որ Հայաստանում համայնքի ղեկավարները հիմնականում կուսակցական են և հաջողությամբ մասնակցում են իշխանությունների՝ ազգի դեմ տարվող «պատերազմին»` նույն իշխանությունների կողմից:
Նրա համոզմամբ՝ ՏԻՄ համակարգի խնդիրները կարող են լուծվել միայն խորքային, համակարգային փոփոխություններով:
Խոսելով նաև ՏԻՄ-ի հանդեպ բնակչության վստահությունից՝ «Նախախորհրդարանի» անդամը փաստում է, որ այն չկա, տեղական իշխանություններն էլ ոչինչ չեն անում վերականգնելու ուղղությամբ: «Բնակչությունը չի վստահում ՏԻՄ-ին: Խոսքը ոչ թե անհատների, անձերի մասին է, այլ ընդհանուր համակարգի, որտեղ առանցքային դերակատարումը համայնքի ղեկավարինն է: Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են արձանագրվում թափանցիկության դեմ ուղղված քայլեր, խոսքի ազատության սահմանափակումներ, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ ՏԻՄ-երում ոչ միայն չեն ցանկանում վերականգնել վստահությունը, այլև ավելի են մեծացնում այն»: Իմիջիայլոց, Հ.Ղազարյանը նկատում է, որ քաղաքապետարանների 20 պաշտոնական կայքէջերից միայն 1-ում է տեղադրված եղել համայնքի ղեկավարի նախընտրական ծրագիրը:









































