ԱՄՆ-ում, հունիսի 27-ի երեկոյան, կայացել է երկրորդ հեռուստաբանավեճը երկրի նախագահի պոստին հավակնող դեմոկրատների միջև: Ինչպես գրում է The USA Today-ը, երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփն այդ ժամանակ ուղևորվում էր Ճապոնիա՝ G20 գագաթնաժողովին, սակայն դա չի խանգարել նրան հետևել դրանց ընթացքին:
Ինչպես նշվում է, Թրամփը քննադատել է դեմոկրատներին և հայտարարել, որ նրանց բանավեճերը երաշխավորում են նրա երկրորդ ժամկետով վերընտրությունը: Նա այդ մասին հիշել է նույնիսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ՝ ասելով, որ նախընտրում է իր ժամանակն անցկացնել նրա հետ, այլ ոչ թե դիտել բանավեճերը: Մասնավորապես, Թրամփը դժգոհություն է հայտնել ամերիկացիների փոխարեն միգրանտներին բժշկական ծառայություններ մատուցելու նրանց պատրաստակամությունից: Վենեսուելայի կառավարության քննարկման հետ կապված Թրամփը կատակել է, որ դեմոկրատները ավելի ճիշտ կլինի Սոցիալիստական կուսակցություն անվանվեն:
Պարբերականը նշում է, որ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ բանավեճերի ժամանակ բազմաթիվ թվիթներ կտեղադրի, քանի որ նա Ճապոնիա է ուղևորվում «աշխարհը փրկելու»: Սակայն, հեռուստաբանավեճի 30-րդ րոպեից հետո նա «Ձանձրալի է» գրառմամբ հրապարակում է արել:









































