ԱԺ Կրթության, գիտության և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանում (ԵԽ) ուրբաթ օրը քննարկվեց կենսաթոշակային նոր՝ կուտակային համակարգի պարտադիր բաղադիչը ուժը կորցրած ճանաչելու մի նախագիծ, որը ներկայացրել էին ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցություններն ու անկախ պատգամավորներ:
Այդ նախագծում մի շարք ուշագրավ հաշվարկներ ու հիմնավորումներ էին բերված: Օրինակ՝ հաշվարկ էր արված, թե նոր համակարգի շնորհիվ միջին աշխատողը թոշակի անցնելիս որքան կենսաթոշակ կարող է ստանալ: Հաշվարկի համար վերցվել են միջին ցուցանիշներ: Այսպես` նոր համակարգին մասնակցում են 18-40 տարեկան քաղաքացիները: Միջին տարիք է վերցվել 29 տարեկանը: Միջին ամսական աշխատավարձը վերցվել է 2013թ. վերջի դրությամբ միջին աշխատավարձի չափը` 151 հազար դրամ, որը տարեկան բարձրանալու է 5 տոկոսով (վերջին տարիների աճի միջին տեմպը` համաձայն պաշտոնական վիճակագրության): Կենսաթոշակային ֆոնդին մեր և պետության կողմից փոխանցված կուտակային վճարների կառավարումից ստացված միջին տարեկան եկամտաբերությունը նույնպես վերցվել է լավատեսական սցենարով` 5 տոկոս տարեկան` հաշվի չառնելով հնարավոր ճգնաժամերը, որոնք միանշանակ նման երկարաժամկետ հատվածում կկրկնվեն մի քանի անգամ:
«Ընդունենք, որ ստանալու ենք եկամուտ նաև կենսաթոշակային տարիքի անցնելուց հետո: Այսինքն` ստանում ենք կենսաթոշակ, իսկ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը շարունակում է կառավարել կենսաթոշակային ֆոնդում մնացած միջոցները` ապահովելով լրացուցիչ եկամուտ: Կենսաթոշակային կյանքի տևողությունը, այսինքն` կենսաթոշակային տարիքից հետո սպասվող կյանքի միջին տևողությունն ընդունենք 11 տարի` հաշվի առնելով կենսաթոշակային տարիքը` 63 տարեկան, և կյանքի միջին տևողությունը` 74 տարի: Գնաճի մակարդակի համար նույնպես վերցնենք լավատեսական ցուցանիշը` վերջին տարիների միջին գնաճի չափով` 6 տոկոս: Այստեղ էլ հաշվի չառնենք Մաքսային միությանն անդամակցելու արդյունքում սպասվող անխուսափելի գնաճը: Ահա այսպիսի խիստ լավատեսական սցենարի պարագայում հաշվենք մեր ապագա «արժանապատիվ» կենսաթոշակի չափը: Այդ 34 տարիների ընթացքում փոխանցվելու է 15.4 մլն դրամ, որից 7 մլն դրամը` պետության կողմից, 8.4 մլն դրամը` քաղաքացու կողմից: Այդ 15.4 մլն դրամն ապահովելու է 16.1 մլն դրամ եկամուտ` արդյունքում կուտակելով 31.5 մլն դրամ, որն էլ բաժանվելու է` որպես կենսաթոշակ: Ամսական միջին կենսաթոշակը կազմելու է 309 հազար դրամ, որի ներկա արժեքը կազմում է 40 հազար 400 դրամ… Սա նշանակում է, որ կենսաթոշակային տարիքի անցնելու ժամանակ 309 հազար դրամն իր գնողունակությամբ հավասար է լինելու այսօրվա 40 հազար 400 դրամին` հաշվի առնելով գնաճը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Այսօր միջին կենսաթոշակը կազմում է 36.000 դրամ: Այսինքն` բարեփոխումների արդյունքում միջին կենսաթոշակը ավելանալու է 4 հազար 400 դրամով՝ ըստ նախագծի հեղինակների: «Ի դեպ, օրինակ` ընդամենը 1 տոկոս ավելի գնաճի դեպքում այն կկազմի 28,800 դրամ, կամ 1 տոկոս ցածր եկամտաբերության դեպքում միջին կենսաթոշակը կկազմի 32.900 դրամ, աշխատավարձի տարեկան 1 տոկոս ցածր աճի դեպքում էլ` 34.700 դրամ»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ:
Նշենք, որ հաշվարկում բացակայում է բազային կեսաթոշակի չափը, այսինքն՝ այն կենսաթոշակը, որը պետությունը վճարելու է ամեն ամիս՝ անկախ նրանից, թե ով որքան գումար է կուտակել: Սակայն այդ գումարը չափազանց փոքր է լինելու՝ 5-10 հազար դրամ (ներկա արժեքով): Ուստի եթե անգամ դա էլ ենք ավելացնում կատարված հաշվարկներին, դարձյալ դժվար կլինի խոսել արժանապատիվ թոշակի մասին: Էլ չասած, որ իսկապես վերցված են շատ լավատեսական սցենարներ՝ ինչպես աշխատավարձի աճի, այնպես էլ կուտակված միջոցների ապահովված տոկոսային եկամուտների առումով:
Նախագծում կան բազմաթիվ այլ հիմնավորումներ, ինչպես իրավական, այնպես էլ տնտեսագիտական: Մասնավորապես՝ շեշտվում է, որ պարզ չէ՝ ի՞նչ տոկոսադրույքներով են ակտիվների կառավարիչները տեղաբաշխելու մարդկանց միջոցները և արդյոք այն բանկային տոկոսադրույքից պակաս չի՞ լինի: Կամ՝ վճարը գանձվելու է նաև նվազագո՞ւյն աշխատավարձից, որը սահմանում է մարդու կարիքների բավարարման նվազագույն շեմը, արդյունքում չի ապահովվում օրենքով սահմանված նվազագույն շեմը: Բացի այդ՝ հաշվի առնված չէ այլ երկրների դառը փորձը, որոնք կանգնել են այդ ֆոնդերի կորստի առաջ, գրանցել են մեծ կորուստներ և պարտադրված վերադարձել են նախկին համակարգին և այլն:
Նախագծի քննարկումը երիտասարդական խորհրդարանում բավականին բուռն է ընթացել և չի ավարտվել: Քննարկումը կշարունակվի և քվեարկության կդրվի հաջորդ նիստում, որը տեղի կունենա հաջորդ ամսվա մեջ:
Նշենք նաև, որ ԵԽ-ն նույն ընթացակարգով է ընդունում օրենքներ կամ որոշումներ, ինչ որ Ազգային ժողովը: Եվ ԵԽ-ի ընդունած նախագծերը խորհրդակցական բնույթ ունեն Կրթության, գիտության և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի համար:
Լուսանկարը՝ Photolure-ի









































