Կուրտ Քոբեյնի այրին՝ երգչուհի Քորթնի Լավը, արբանյակային լուսանկարի վրա հայտնաբերել է մալայզիական կորած Boeing-ի ենթադրյալ հետքը: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում և հրապարակել լուսանկարը:
«Ես փորձագետ չեմ, սակայն եթե ուշադիր նայենք, դա ունի ինքնաթիռի տեսք, որի կողքին վառելիքի հետք կա»,- գրել է Լավը:
Գրառման պահին Լավի հաղորդագրությունը հավաքել է ավելի քան 8100 «լայք», ավելի քան 8800 մարդ կիսվել է գրառմամբ:
Մալայզիայի իշխանությունները պաշտոնական հայտարարություն դեռևս չեն արել Քորթնիի անցկացրած հետաքննության կապակցությամբ:
Հիշեցնենք, որ մալայզիական ավիաընկերությանը պատկանող Boeing 777 ինքնաթիռը, որում եղել է 239 ուղևոր, ռադարներից անհետացել է մարտի 8-ին: Ինքնաթիռի ոչ մի հետք չի հաջողվել հայտնաբերել: Փրկարարական ծառայությունները շարունակում են որոնումները:










































