Հոգևոր հայրերը կիրակի օրերը Մեծ պահքի շրջանում անվանել են Ոսկե շղթա, քանի որ ամեն կիրակի ունի իր խորհուրդը: Մեծ պահքն ունի 7 կիրակի՝ Բուն բարեկենդան, Արտաքսման կիրակի, Անառակի կիրակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան կիրակի և Ծաղկազարդ:
Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Անառակի կիրակին:
Անառակի կիրակին (մարտի 16) այսպես է կոչվում, որովհետև Ավետարանի օրվա ընթերցվող առակը պատմում է անառակ որդու մասին (Ղուկ. 15: 11-32): Այս առակը մարդկությանը տալիս է բարոյական մեծագույն դաս: Մարդ արարածն իր կյանքում կամա թե ակամա մեղքեր է գործում: Սակայն երանելի է այն մարդը, ով կունենա քաջություն, ինչպես անառակ որդին, զղջալու և գործած մեղքերի համար Աստծուց ներողություն խնդրելու` ասելով. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և Քո առաջե (Ղուկ. 15: 21): Հայրը պատրաստ է ներելու զղջացողին և արժանացնելու նախկին փառքին ու պատվին: Այս առակը հստակ պատմում է, որ կարող ենք մխիթարվել Աստծու հայրական գթառատ սիրով և ուրախությամբ ընդունվել Նրա արքայության մեջ, եթե ապաշխարությամբ դառնանք դեպի Աստված:
Եկեղեցին կոչ է անում անառակ կյանք վարող իր բոլոր որդիներին, որ զղջան և դարձի գան, թողնեն իրենց մեղսասեր վարքը և ապրեն քրիստոնյային վայել կյանքով:
Նշենք որ Մեծ Պահքը սկսվում է Բուն բարեկենդանով: Հենց այդ օրվանից է փակվում եկեղեցիներում վարագույրը: Պահքի շրջանը կավարտվի Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեին: Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 20-ին, և այս տարի առաջին անգամ ամբողջ աշխարհում Զատիկը կնշվի միևնույն օրը:









































