«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունն օրերս հաղորդագրություն էր տարածել՝ իր մտահոգությունը հայտնելով հունիսի 9-ին, մասնավորապես, Աբովյանում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ կապված։
Կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Մեր հայտարարությունը դեռ բավականին մեղմ էր, իրականությունը շատ ավելի դառն ու ցավալի է։ Բայց քանի որ կուսակցությունը մշտապես հեղափոխության աջակցող ուժ է եղել, փորձեց մեղմ գնահատականներով հանդես գալ։ Հիմա ես գույները մի քիչ կխտացնեմ՝ կարծում եմ, որ հեղափոխությունն այս ընտրություններում առաջին լուրջ պարտությունը կրեց»։
Մակեյանը հավելեց. «Հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի եղել, թե ինչպիսի ընտրական համակարգ է աշխատել այս 23 համայնքներում։ Բացեմ փակագծերը, բացի հրապարակային ընտրակաշառքից, գործել են հանրապետական համակարգի մյուս բոլոր բաղադրիչները։ Պատահական չէր, որ Աբովյանում օլիգարխիան հաղթեց հեղափոխությանը։ Մենք զգոնության կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին ու հեղափոխության աջակից ուժերին։ Հեղափոխության հետևանքը մեր երկրի զարգացումն ու կորուստը, դա միայն ՔՊ-ի կամ Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ։ Պետք է զգոնանանք ու հետևություններ անենք»։
Մեր զրուցակցի կարծիքով՝ գործում է հին համակարգը. «Քրեաօլիգարխիկ ընտրական համակարգը 100 տոկոսով աշխատել է՝ բացի հրապարակային կաշառք բաժանելուց։ Բայց պետք է նաև նշեմ, որ իշխանության կողմից էլ խախտում է եղել, երբ մարզպետի թեկուզ արձակուրդում եղած ժամանակ ռեսուրս է օգտագործվում, դա վարչական ռեսուրսի չարաշահում է։ Ես վստահ եմ, որ պետք է հստակ հետևություն արվի՝ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կողմից։ Մենք կորցնելու մեծ բան ունենք՝ հայրենիք»։
Մեր այն դիտարկմանը, թե Փաշինյանը սա ժողովրդավարության հաղթանակ է համարում, Պետրոս Մակեյանն արձագանքեց. «Խնդիրը ՔՊ-ի հաղթանակը չէ, դրանով ժողովրդավարություն չենք կարող գնահատել։ Եթե իշխանությունը զոռբայություն չի արել՝ չի նշանակում, թե ժողովրդավարություն է հաստատվել։ Ես ասում եմ՝ գործել է հանրապետական համակարգը, բացի ընտրակաշառքից։ Ո՛չ ընտրական հանձնաժողովներն են իրենց տեղում եղել, ո՛չ ոստիկանությունը։ Մուկուչյանն աշխատել է հին ձևով։ Մենք մեր հայտարարության մեջ նշել ենք, որ պատկան մարմիններն իրենց տեղում չեն եղել, միջոցներ չեն ձեռնարկել»։
Ըստ նրա՝ եթե հետևություններ չարվեն, քրեաօլիգարխիկ համակարգը բացահայտ կզավթի իշխանությունը. «Համակարգն ամբողջությամբ մնացել է, ապշելու բան է, թաղային կրիմինալները ոստիկանության տեսադաշտում հանգիստ աշխատել են՝ ավելի գրագետ ու զգույշ ձևով»։









































