«Ժողովուրդը» գրում է. «Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները, ովքեր երկար ժամանակ է, ինչ պահանջում են վճարել իրենց աշխատավարձերը, հայտնվել են անելանելի վիճակում:
Աշխատակիցներից մեկը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ օրերս գնացել են «Արմավիա»-ի գրասենյակ՝ հերթական անգամ իրենց աշխատանքի դիմաց հասանելիք գումարները պահանջելու, սակայն հայտնաբերել են, որ գրասենյակը դատարկ է:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ինժեներներից մեկը զայրացած պատմեց. «Մտանք ու տեսանք, որ մեր ֆինանսների հարցով տնօրենը, գանձապահները, հաշվապահները այնտեղ չէին: Մարդ չկար, կաբինետները դատարկ, ոչ աթոռ կար, ոչ էլ սեղան»: Սա տեսնելուց հետո հուսահատ քաղաքացիները գնացել են ՀՀ կառավարություն և հանդիպում պահանջել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Սակայն այդպես էլ նրանց ոչ ոք չի մոտեցել: Նույնիսկ կառավարության նամակների և բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը:
Ինժեներից թերթը տեղեկացավ նաև, որ ընկերությունը միայն մի օդաչուին՝ Ավագ անունով, 18 մլն դրամ գումար է պարտք:









































