ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանդես է եկել Մոսկվայի և Կիևի իշխանությունների միջև ուղիղ երկխոսության օգտին: Ինչպես հայտնել է ՄԱԿ-ի մամլո կենտրոնը, համապատասխան հայտարարությունը նա արել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի և արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ հանդիպման ժամանակ:
Դիմելով Ուկրաինայում և տարածաշրջանում բոլոր կողմերին՝ Պան Գի Մունը կոչ է արել լիցքաթափել իրավիճակը, նվազեցնել հռետորության աստիճանը և ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղիներ գտնել:
Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ իրավիճակի կարգավորմանն ուղղված կոլեկտիվ ջանքերում պետք է գերակշռեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, հակամարտությունների խաղաղ կարգավորման և մարդու իրավունքների նկատմամբ լիարժեք հարգանքի մասին ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Պան Գի Մունի հանդիպումը Կիևի իշխանությունների ներկայացուցիչների հետ կայացել է ՄԱԿ ԱԽ նիստից անմիջապես հետո:









































