«Առաջին լրատվականի» հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ է միջազգային հանրությունն այսքան ինտենսիվ շարունակում ջանքեր գործադրել կարգավորման ուղղությամբ, պատասխանեց.
«Այսօր արդեն բոլորի համար ակնհայտ է, որ Կազանյան հանդիպմանը տված մեր գնահատականները ճշգրիտ են: Մենք պնդում էինք, որ չնայած արտաքուստ հիասթափությանը, խաղաղ կարգավորման գործընթացը շարունակվում է և կան պայմանավորվածություններ, որոնք ի հայտ կգան առաջիկայում: Այսօր մենք ականատեսն ենք, որ միջնորդները լիահույս են, որ փաստաթուղթը կստորագրվի: Այս պարագայում ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե այդ փաստաթղթում ինչպես են ապահովված մեր շահերը. հիմնարար սկզբունքների յուրաքանչյուր բառ չափազանց կարևոր է, և ես այնուամենայնիվ հույս ունեմ, որ այսօր սեղանի վրա դրված փաստաթուղթը շատ ավելի լավն է, քան Մադրիդյանը: Ինձ համար էլ բացահայտում էր այդ փաստաթղթի դրույթներին ծանոթանալը և դրա հեղինակներից առաջին դեմքից պարզել, որ դրա դրույթները մեր շահերի սահմանագծին են: Հիմա այդ մարդիկ պետք է հայտարարեն, թե իրենց ով է թույլ տվել հայկական կողմի զիջումները հասցնել թույլատրելիի սահմանագծին, այն պարագայում, երբ 1997թ. ժառանգել են Ղարաբաղի վետոյի իրավունքը նախատեսող մի փաստաթուղթ»:
«Առաջին լրատվականի» հարցին, թե ի՞նչ լծակներ ունի միջազգային հանրությունը Բաքվից համաձայնություն կորզելու համար, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց.
«Սովորաբար զիջումները կորզում են թույլից: Եթե Ադրբեջանը ներկայացրել է տասը նոր առաջարկություն, իսկ Հայաստանը ոչ մի նոր՝ փաստաթուղթը բարելավող կետ՝ կա որոշակի մտավախություն, որ փորձ կարվի անդրադառնալ հենց ադրբեջանական առաջարկություններին: Այսօր այնպիսի վիճակ է, որ Հայաստանը համաձայն է Սոչիում և Կազանում միջնորդների կողմից ներկայացված փաստաթղթին: Այս պայմաններում մենք կարող ենք պնդել, որ միջնորդները կաշխատեն Ադրբեջանի հետ: Բայց արի ու տես, որ ՀՀ ԱԳ նախարարը գնում է Մոսկվա և քննարկում փաստաթղթի մանրամասներ: Հարց է առաջանում՝ մենք ի՞նչ ունենք քննարկելու, եթե դժգոհում ենք ադրբեջանական 10 առաջարկությունից: Արդյո՞ք ավելի ճիշտ չէր լինի, եթե մենք հայտարարեինք, որ որևէ բան չունենք քննարկելու, մեր դիրքորոշումը հայտնի է: Միջնորդները պետք է աշխատեն Ադրբեջանի հետ և փորձեն նրանց բերել «կառուցողական» դաշտ: Ասելով սա՝ ես հավատում եմ, որ հայկական կողմը հաջողացրել է ապահովել Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին ոչ թե որպես դիտորդ, ինչը Ղարաբաղին նախատեսել էր Ռ. Քոչարյանը, այլ որպես բանակցային լիարժեք կողմ»:









































