Փերինչեքի գործով ՄԻԵԴ որոշումը կբողոքարկվի. Շվեյցարիայի արդարադատության նախարարությունը հանձն է առել սկսել բողոքարկման գործընթացը:
Շվեյցարիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եթե բողոքարկման դիմումը փորձեն շարադրել լավ հիմնավորված, ինչն, իհարկե, ցանկալի կլինի, ապա հնարավոր է մինչև վերջնաժամկետը՝ ամսի 17-ը, նամակ գրվի` պաշտոնապես, կարճ, համառոտ ձևով հայտնելու, որ շվեյցարական կողմը Փերինչեքի գործով բողոքարկում է ներկայացնելու. սա ընդունված պրակտիկա է:
Պաշտոնապես տեղեկացնելուց հետո սահմանված ժամկետում (Շահինյանը դժվարացավ հստակ նշել՝ քանի օր է պահանջվում) կարող է ներկայացվել իսկական բողոքարկումը: Շահինյանի խոսքով՝ բողոքարկման դիմումը կազմելու հարցով զբաղվում է Շվեյցարիան, հատկապես ՄԻԵԴ-ում Շվեյցարիայի ներկայացուցիչը:
Շվեյցարիա-Հայաստան խմբի ներկայացուցիչը նշեց, որ արդարադատության նախարարության որոշումը կատարված քայլերի արդյունք է. բոլոր ջանքերը, որ գործի դրվեցին բոլոր կողմերից՝ ի նպաստ այս բողոքարկման, ունեցան իրենց դրական արդյունքը:
Հարցին՝ բողոքարկման գործընթացի մեկնարկից հետո ի՞նչ պիտի անի հայ համայնքը՝ նոր արդյունք գրանցելու համար, Շահինյանը նշեց. «Դժվարանում եմ ասել, թե ինչ ունենք անելու. հարցն արդեն կլինի իրավաբանական հարթությունում, արդեն պիտի աշխատեն իրավաբանական օղակները, սակայն ամենակարևորը՝ չպետք է մոռանալ, որ առաջին հերթին այս բողոքարկումը դեռ պետք է ընդունվի Վերին պալատի կողմից: Սա կարևոր ընթացակարգային մաս է, այսինքն՝ նշանակվելու է Վերին պալատին պատկանող հինգ դատավորներից կազմված հատուկ խումբ՝ բողոքարկումը քննարկելու համար, իսկ եթե իրենք ընդունեն, որ բողոքարկումն իմաստ ունի, հիմնավորված է, այն արդեն կանցնի 17 դատավորներին, որոնց թվում կլինեն դատարանի նախագահն ու փոխնախագահները»:
Բողոքարկման դիմումը, սակայն, հնարավոր է և մերժվի, ուստի դեռ սպասելու ժամանակ կա: Ճշգրտմանը՝ հայ համայնքի հետ չի՞ համաձայնեցվելու արդյոք դիմումի տեքստը, Շահինյանն ընդգծեց. «Ինչ վերաբերում է Շվեյցարիայի կողմին, հայ համայնքի տեսակետը դիմումի տեքստում ներգրավելու հնարավորություններն իրենք արդեն ունեն, քանի որ իրենց են հասել կարևոր վերլուծություններ, այդ թվում նաև այն, որ Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունը մանդատ էր տվել զանազան միջազգայնագետների և իրավաբանների, այլ մասնագետներ էլ ուղարկեցին իրենց տեսակետները:
Հիմա ՄԻԵԴ-ում Շվեյցարիայի ներկայացուցիչն ունի բավական լայն նյութ, որի հիման վրա կկարողանա նաև հայկական կողմի դիրքորոշմանը ծանոթանալ, իսկ կանի դա, թե ոչ՝ հայտնի չէ»:
Ինչ վերաբերում է հայ համայնքին, ապա, ըստ Շահինյանի, իրենք պիտի կարողանան գործել միայն այն ժամանակ, երբ բողոքարկման դիմումն ընդունված կլինի:
Փերինչեքը Շվեյցարիայի դատարանի կողմից դատապարտվել էր Հայոց ցեղասպանության ժխտման համար, սակայն ՄԻԵԴ-ի վճռով արդարացվել էր: Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակն այս վճիռը մտահոգիչ և վտանգավոր է համարել, քանի որ այն «զորակցություն է Եվրոպայի տարածքում Անկարայի և Բաքվի կողմից ղեկավարվող ժխտողականության հոսանքին ու հավելյալ ճանապարհ՝ դրա դիմաց»:









































