Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում լուրջ տեղաշարժեր այս պահին չկան և հակամարտության սկզբից ի վեր չեն գրանցվել ադրբեջանական կողմի դիրքորոշումների հետևանքով: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը:
«Այդուհանդերձ, խնդրի լուծմանը միտված որոշակի ակտիվացում վերջին մեկ տարում նկատելի է: ԵԱՀԿ Մինսկի խումբը կարծես ցանկանում է հանգուցալուծել հարցը: Միաժամանակ, ուկրաինական դեպքերը կարող են բացասաբար անդրադառնալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Որքան հասկանում եմ, Ռուսաստանը ցանկանում է Ղրիմը դարձնել իր մի մասը, և չեմ կարծում, որ ՌԴ-ն կարիք կունենա ստիպելու Հայաստանին` ճանաչել Ղրիմի անկախությունը: Բացի դրանից՝ մեծ հույսեր չունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հնարավոր հանդիպումը կնպաստի խնդրի արագ կարգավորմանը»,- ասաց նա` հավելելով, որ առայժմ, ցավոք, հակամարտությունն առկախված վիճակում է, և պետք է բավարարվել ընդամենը երկկողմ հանդիպումներով:
Անդրադառնալով ազատամարտիկների` տարբեր ճակատներում միմյանց դեմ հայտարարություններ հնչեցնելու փաստին, քաղաքագետը նկատեց, որ նորմալ է գնահատում նրանց` քաղաքական տարբեր բևեռներում լինելը, գաղափարական հակասություններ ունենալը և տրամաբանորեն հակառակ կարծիքներ հայտնելը: «Սակայն ազատամարտիկների շրջանում առկա լարվածությունը կարող է խորքային հետևանքներ ունենալ, ինչպես, օրինակ, ազատամարտի կամ ազատամարտիկի կերպարի արժեզրկումը»,- նշեց Նարեկ Գալստյանը:
Ամփոփելով` քաղաքագետը շեշտեց, որ ազատամարտիկները պետք է համախմբված լինեն: «Չգիտեմ ով է շահագրգռված պառակտում մտցնել ազատամարտիկների շրջանում, սակայն այս ամենը քաղաքական երանգավորում է ստանում»,- ասաց Նարեկ Գալստյանը` հավելելով, որ ռազմի դաշտում հերոսանալը դժվար է, բայց ավելի դժվար է հերոսավայել ապրելը:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































