Թուրքական Roketsan պետական ընկերությունն իրականացրել է մեծ հեռահարության MIZRAK-U հակատանկային նոր հրթիռի փորձարկում: Այս մասին հայտնում է Defense News-ը: Արձակումն իրականացվել է AH-1S Cobra ուղղաթիռից և հաջող ճանաչվել. հրթիռը խոցել է 3.5 կմ հեռավորության վրա գտնվող թիրախը: Իրականացված արձակումը դարձել է թուրքական մշակման նոր հակատանկային հրթիռի առաջին փորձարկումը:
MIZRAK-U-ն ունի ինքնանշանառության ինֆրակարմիր գլխիկ, ինչպես նաև ռադիոկապի համակարգ: Զինամթերում կարող է կյանքի կոչվել նաև լազերային ճառագայթով նշանառության տեխնոլոգիան: Հրթիռը զինված է տանդեմային մարտական մասով և ունակ է խոցել զրահապատ թիրախները 8 կմ հեռավորությունից: Հրթիռի սերիական արտադրությունը ծրագրվում է սկսել 2015 թվականին:
Թուրքիայի ՊՆ տվյալներով՝ հրթիռը կներառվի հեռանկարային հարվածային T129 ուղղաթիռի սպառազինության կազմ:









































