Իրեն այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի՝ կոնսոլիդացվելու վերաբերյալ առաջարկին արտախորհրդարանական ուժերից հստակ դեմ է արտահայտվում «Հանրապետություն» կուսակցությունը:
«Առաջին լրատվական»-ը կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանից հետաքրքրվեց, թե առաջարկ ստանալու դեպքում կգնա՞ն ԲՀԿ ղեկավարի հետ հանդիպման և կոնսոլիդացվելու վերաբերյալ հարցեր քննարկելու։ «Ծիծաղելի է, որ ԲՀԿ-ն ու նրա ղեկավարը փորձ են անում կոնսոլիդացվելու վերաբերյալ խոսակցություններ տանել, գործ են ուզում անեն, թող իրենց հարկերը վճարեն, ժողովրդի թոշակը բարձրացնեն: Մենք ԲՀԿ-ին ընդդիմություն չենք համարում, մենք Կոնգրեսից ժամանակին դուրս ենք եկել համապատասխան քաղաքական հայտարարությամբ, համաձայն չենք եղել Կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի ԲՀԿ-ի հետ համագործակցելու որոշմանը: Ներքին քաղաքական պատճառներից մեկն էլ դա է եղել»,- ի պատասխան ասաց Լ. Եղիազարյանը:
Նրա խոսքերով՝ սա հերթական անգամ ժողովրդին խաբելու միջոցներից մեկն է, ինչպես որ ժամանակին արեց «Օրինաց երկիր» կուսակցությունը:
Հետաքրքրվեցինք նաև, թե գուցե այնուամենայնիվ, կուսակցության առաջիկայում կայանալիք քաղխորհդի նիստում այդ հարցը քննարկեն, Լ. Եղիազարյանն ասաց․ «Մենք այդ հարցը քննարկելու նույնիսկ կարիք չենք տեսնում, այնքան ծիծաղելի է, որ նույնիսկ չի էլ կարելի քննարկել»:








































