Եվրամիությունը դադարեցրել է այցագրի ռեժիմի հեշտացման մասին բանակցությունները Ռուսաստանի հետ և սպառնում է այցագրային պատժամիջոցներ սահմանել, սառեցնել ակտիվները և չեղյալ հայտարարել ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հաղորդում է RIA Novosti-ն:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը:
Նրա խոսքերով` ԵՄ պետությունների և ղեկավարների գագաթնաժողովին որոշում է կայացվել դադարեցնել այցագրի հարցով երկկողմանի բանակցությունները Ռուսաստանի հետ:
ԵՄ երկրների առաջնորդները Ռուսաստանին կոչ են արել ուղիղ բանակցություններ սկսել Ուկրաինայի իշխանությունների հետ:
«Բանակցությունները պետք է սկսվեն առաջիկա մի քանի օրերին և հանգեցնեն արդյունքների: Արդյունքների բացակայության դեպքում ԵՄ-ը հավելյալ միջոցների մասին որոշում կկայացնի, ինչպիսիք են այցագրի տրամադրման արգելքը, ակտիվների սառեցումը և Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովի չեղյալ հայտարարումը»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը:









































