ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ կապված իրավիճակի պատճառով ալյանսը կվերանայի Ռուսաստանի հետ բոլոր հարաբերությունները, հաղորդում է Reuters գործակալությունը:
Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ն պատրաստ է չեղյալ համարել անձնական, քաղաքացիական և ռազմական մակարդակի բոլոր հանդիպումները: Ընդ որում, երկխոսության պահպանման նպատակով որոշում է կայացվել չեղյալ չհայտարարել Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի մակարդակով դեսպանների հանդիպումները:
Դրանից բացի, Ռասմուսենը հայտարարել է Ռուսաստանի հետ համատեղ իրականացվող առաքելության չեղարկման մասին, որի ժամանակ ամերիկյան Cape Ray նավի վրա պետք է ոչնչացվի սիրիական քիմիական զենքը:
Ընդ որում, գլխավոր քարտուղարի խոսքերով՝ քիմիական զենքի ոչնչացման գործընթացը չի տուժի, քանի որ «ռուսական կողմը չի մասնակցում զենքի ոչնչացման աշխատանքներին»:
«Մենք վերանայում ենք Ռուսաստանի հետ բոլոր հարաբերությունները, ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները ապրիլին որոշում կկայացնեն»,- հավելել է Ռասմուսենը:
Որպես այս որոշման կայացման պատճառ նշվել է «Ղրիմում լարվածության թուլացման բացակայությունը»:








































