ԱՊՀ արտգործնախարարները մարտի 7-ին կհանդիպեն Կիևում՝ մասնակցելու արտահերթ հանդիպմանը, որը նախաձեռնել է ուկրաինական կողմը՝ հայտնել է Բելառուսում Ուկրաինայի դեսպան Միխայիլ Եժելը:
«Երկխոսության համար պետք է փնտրել ցանկացած հարթակ, այդ իսկ պատճառով ԱՊՀ արտգործնախարարների հանդիպում է նշանակված մարտի 7-ին և կանցկացվի Կիևում՝ ժամը 11-14-ը»,- նրա խոսքերն է մեջբերում Interfax-ը:
Եժելը հույս է հայտնել, որ մարտին Մինսկում կհավաքվի բելառուսա-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովը, որի հանդիպումը ծրագրվել էր դեռևս անցած տարվա դեկտեմբերին, սակայն տեղափոխվել էր:
Նրա խոսքով՝ միջկառավարական հանձնաժողովի հանդիպումը կլինի հզոր խթան՝ դիրքորոշումները հստակեցնելու և աշխատել սկսելու համար:









































