Մուամար Քադաֆիի որդի Սայֆ Ալ-Իսլամը, հետևելով հորը, նույնպես Արևմուտքին սպառնացել է ահաբեկչական գործողություններով հենց Եվրոպայի կենտրոնում: Այս մասին գրում է The Guardian-ը:
Ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Սայֆ Ալ-Իսլամը հայտարարել էր, որ Լիբիան լքելու՝ իր հորն ուղղված պահանջները չեն կարող իրականացվել, և դրանք ընդունվում են միայն որպես կատակ: «Մենք չենք հանձնվի: Մենք պայքարելու ենք: Սա մեր երկիրն է»,- ասել է Սայֆ Ալ-Իսլամը:
Նա նաև զգուշացրել է, որ արևմտյան ուժերը, որոնք հարձակվում են Լիբիայի վրա, իրենց դարձրել են «լեգիտիմ նշանակետեր» վրեժխնդիր լինելու համար. «Մենք պայքարելու ենք մեր երկրի համար, իսկ դուք կլինեք մեր լեգիտիմ նշանակետերը»: Լրագրողի այն հարցին, թե ինչ կցանկանար ասել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, Սայֆ Ալ-Իսլամը պատասխանել է. «Դուք չեք հաղթելու: Դուք այստեղ պատերազմ հաղթելու հնարավորություն չունեք»:
Ավելի վաղ Եվրոպային ահաբեկչական ակտերով սպառնացել էր նաև Մուամար Քադաֆին:







































