Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը կարող է նախադեպ դառնալ Ղրիմի համար, և բոլորս ականատեսը դառնանք Ղրիմի ղարաբաղացման: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով ավագ, առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեսակետներին, թե Ղրիմի անկախության միջազգային ճանաչումը կարող է բարենպաստ նախադեպ դառնալ Լեռնային Ղարաբաղի համար:
Լիլիթ Գևորգյանը նշեց, որ չի կիսում այդ կարծիքները, քանի որ լիովին հակառակ մտքին է հակված: Նրա համոզմամբ՝ Ղարաբաղը կարող է նախադեպ հանդիսանալ Ղրիմի համար, կարող ենք ականատեսը դառնալ Ղրիմի ղարաբաղացմանը:
«Եթե Ղրիմը որոշի, ինքնորոշման իրավունքն օգտագործելով, անկախություն հայտարարել,- սա ենթադրենք այն պարագայում, երբ ուկրաինացի ազգայնականների հարձակումից հետո նրանք այդպիսի որոշում կայացնեն,- ապա այդ դեպքում մենք գործ կունենանք Ղրիմի ղարաբաղացման հետ, ինչն էլ ձեռնտու է Ռուսաստանին, որովհետև նման վիճակով Ուկրաինան չի կարող միանալ ո՜չ ՆԱՏՕ-ին, ո՜չ էլ՝ ԵՄ-ին»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը:
Հարցին, թե այսուհետ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն կկարողանա՞ն համատեղ աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եթե գտնվում են սառը պատերազմի շեմին, և չկա՞ արդյոք մտավախություն, որ ՌԴ-ն, դուրս գալով Մինսկի խմբի օրակարգից, առանձին գործողությունների կգնա Ղարաբաղում, նա պատասխանեց, որ նման մտավախություն չունի, քանի որ իրականում Ղրիմն ու Ղարաբաղը լրիվ այլ հարցեր են ՌԴ-ի ու ԱՄՆ-ի համար: Ավելին, Լիլիթ Գևորգյանի համոզմամբ, տեղի կունենա հակառակը՝ նրանք կփորձեն աշխատել:
«Կաշխատեն ինչպես նախկինում, քանի որ նրանք չեն կարող բոլոր կապերը խզել։ Չեմ կարծում, որ երկու երկրների շահերից է այդ կապերը խզելը, որովհետև Ղարաբաղն այն հարցերից է, որտեղ նրանք կարող են համագործակցել»,- նշեց Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով ավագ, առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
Առաջարկում ենք վերլուծաբանի հետ մեր ընդարձակ հարցազրույցին ծանոթանալ քիչ ավելի ուշ:







































