Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատար Յուրի Իլինը, որը վերջերս էր նշանակվել այս պաշտոնին, հեռացվել է աշխատանքից: Հրամանագիրը ստորագրել է Ուկրաինայի նախագահի պարտականությունները ստանձնած, խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը՝ հաղորդում է lenta.ru-ն:
Իլինին աշխատանքից հեռացնելու պատճառները չեն հստակեցվում:
Յուրի Իլինը զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար էր նշանակվել փետրվարի կեսին: Համապատասխան որոշումը կայացրել էր Ուկրաինայի արդեն նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Նախկինում Իլինը զբաղեցրել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնը:
LB.ua-ի փոխանցմամբ՝ նոր պաշտոնին նշանակվելուց հետո Իլինը հայտարարել է, որ բանակը չի միջամտի քաղաքական հակամարտությանը, սակայն ավելի ուշ տեղի ԶՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց, որ նա պատրաստ է զորք հանել Մայդանի ակտիվիստների դեմ:









































